կարևոր
760 դիտում, 12 ժամ առաջ - 2024-12-20 17:15
Հասարակություն Արցախ Սփյուռք Տարածաշրջան

Բացառիկ հանդիպումներ և քննարկումներ. ԸԵՄՄ-ի (IUSY) գլխավոր քարտուղար Սարինե Աբրահամյանի այցն Իրաքյան Քուրդիստան

Բացառիկ հանդիպումներ և քննարկումներ. ԸԵՄՄ-ի (IUSY) գլխավոր քարտուղար Սարինե Աբրահամյանի այցն Իրաքյան Քուրդիստան

Բուռն քննարկումներով, հետաքրքիր հանդիպումներով ու բազմակողմանի շփումներով է անցել Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (ՄՍԵՄ) գլխավոր քարտուղար, ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանի աշխատանքային այցը Իրաքյան Քուրդիստանում: Աբրահամյանն oրեր առաջ՝ դեկտեմբերի 13-17-ը, աշխատանքային այցով Իրաքյան Քուրդիստանում է գտնվել: Նա Yerkir.am-ին պատմեց այնտեղ  անցկացրած հանդիպումների մասին, որոնց նպատակը մեկն է եղել՝ հասկանալ՝ ի՞նչ է կատարվում այնտեղ՝ գետնի վրա, ստանալ տեղեկություններ՝ գործընկերների, անդամ կազմակերպության կողմից և ցուցաբերել քաղաքական աջակցություն:

«Հանդիպումներ տեղի ունեցան Իրաքյան Քուրդիստանի կառավարության ներկայացուցիչների հետ, մասնավորապես գյուղատնտեսության նախարարության նախարարի և անձնակազմի հետ, Քուրդիստանի Հայրենասիրական Միություն կուսակցության (ՔՀՄ) խորհրդարանական խմբակցության անդամների հետ, ՔՀՄ-ի փոխնախագահի հետ,  ՔՀՄ-ի երիտասարդական թևի ներկայացուցիչների հետ, ՔՀՄ-ի արտաքին հարաբերությունների պատասխանատուի, տարբեր բնույթի ոչկառավարական հասարակական կազմակերպությունների հետ։ Քուրդիստանի Հայրենասիրական Միություն կուսակցությունը, որի երիտասարդական թևը անդամակցում է Միջազգային Սոցիալիստ Երիտասարդների Միությանը, Քուրդիստանի համախոհական կառավարության մաս է կազմում։ Այս կուսակցությունը ձգտում է քաղաքականացնել Քուրդիստանի երիտասարդներին, որպեսզի նրանք աշխույժ մասնակցություն ունենան քաղաքացիական հասարակության ստեղծմանը և ժողովրդավարության ամրապնդմանը։ Քանի որ քուրդ ժողովուրդը երկար տարիների բռնաճնշումներից հետո հասել որոշակի ինքնիշխանության, կարևոր էր հասկանալ այսօրվա մարտահրավերները և նրանց ցույց տալ աջակցություն ժողովրդավարության կայացման գործում, որպեսզի ՄՍԵՄ-ը միջազգային հարթակներում կարողանա պաշտպանել քուրդ ժողովրդի հիմնարար իրավունքները, մասնավորապես ինքնորոշման և սեփական երկրում իր սեփական կամքը արտահայտելու իրավունքը»,- ասաց Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության գլխավոր քարտուղար, ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանը:

Հարցին, թե ի՞նչ վերաբերմունք ունեին քաղաքական գործիչներն ու մարդիկ՝ Արցախյան հարցի և 2023թ.-ին տեղի ունեցած բռնի տեղահանված արցախահայության վերաբերյալ, Աբրահամյանը նկատեց.

«Ես առաջին հերթին Քուրդիստանում էի գտնվում ի պաշտոնե՝ որպես ՄՍԵՄ-ի գլխավոր քարտուղար, սակայն իմ հայ և ՀՅԴ անդամ լինելը չէր կարող քրդական միջավայրում աննկատ մնալ։ Բնականաբար խոսվեց հայ և քուրդ ժողովուրդների բարեկամության և հարաբերությունների և մեր ընդհանուր շահերի մասին։ Օրինակ՝ Թուրքիայի բռնաճնշումները հայ և քուրդ ժողովուրդների նկատմամբ ընդհանուր են և այս ժողովուրդները վայելում են ՄՍԵՄ-ի աջակցությունը իրենց իրավունքների վերականգնման մեջ»:

«Արցախահայ թե քուրդ, պաղեստինցի թե  Արևմտյան Սահարայի ժողովուրդ, միևնույն է. մենք պաշտպանում ենք ճնշված ժողովրդների իրավունքները, որովհետև հստակ դիրքորոշում ունենք, որպես ՄՍԵՄ, որ  յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ազատ ու անկախ ապրել իր հայրենիքում»,- շեշտեց Սարինե Աբրահամյանն:

Զուգահեռներ անցկացնելով քուրդ և հայ երիտասարդության մեջ, Սարինե Աբրահամյանը նկատեց՝ նրանց ու հայ երիտասարդների միջև բավականին նմանություն կան: Երիտասարդները պայքարում են իրենց երկրի ու հայրենիքի համար: Քուրդ երիտասարդները ցանկություն ունեն ամուր կապեր հաստատել հայ երիտասարդների հետ:

Խոսելով հետագա անելիքների մասին՝ Աբրահամյանը շեշտեց, որ եկող տարվա ընթացքում պլանավորում են ավելի մեծ միջոցառումներ անցկացնելով միջազգային հանրության ուշադրությունն ավելի շատ ուղղել դեպի Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջան, բարձրաձայնել երիտասարդների ու կանանց իրավունքների խնդիրները: Միաժամանակ պետք է հզորացվի Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության մեր գործընկերի դերը: