կարևոր
583 դիտում, 14 ժամ առաջ - 2024-12-20 15:40
Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իսրայելին կոչ է արել դադարեցնել ավիահարվածները Սիրիայի վրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իսրայելին կոչ է արել դադարեցնել ավիահարվածները Սիրիայի վրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը պահանջել է դադարեցնել իսրայելական օդային հարվածները Սիրիայի տարածքում։ 

«Իսրայելի լայնածավալ ավիահարվածները շարունակվում են։ Դրանք խախտում են Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և պետք է դադարեցվեն»,- ասել է նա՝ լրագրողների հետ զրույցում։

Բացի այդ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և՛ Իսրայելին, և՛ Սիրիային կոչ է արել կատարել 1974 թվականի համաձայնագիրը Գոլանի բարձունքներում բուֆերային գոտու ստեղծման վերաբերյալ։

«Բուֆերային գոտում, բացի ՄԱԿ-ի խաղաղապահներից, այլ զինված ուժեր չպետք է լինեն (...) Իսրայելը և Սիրիան պետք է հավատարիմ մնան ուժերի բաժանման մասին 1974 թվականի համաձայնագրի դրույթներին, որը դեռևս գործում է։ Սիրիայի ինքնիշխանությունը, տարածքային միասնությունն ու ամբողջականությունը պետք է ամբողջությամբ վերականգնվեն»,- հավելել է Գուտերեշը։

Ավելի վաղ իսրայելցի զինվորականները դիրքեր էին զբաղեցրել բուֆերային գոտում՝ Սիրիայում իշխանափոխության ֆոնին։ Իսրայելի իշխանությունները սա անվանել են ժամանակավոր միջոց։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի և Սիրիայի միջև Գոլանի բարձունքների բուֆերային գոտու մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է 1970-ականներից, ներկայումս դե ֆակտո գոյություն չունի։

«Այս համաձայնագիրն այլևս գոյություն չունի. սիրիացի զինվորականները լքել են իրենց դիրքերը»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը, դեկտեմբերի 7-ի երեկոյան՝ Հոմսը, իսկ դեկտեմբերի 8-ի առավոտյան՝ մայրաքաղաք Դամասկոսը: Դեկտեմբերի 9-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը լայնածավալ ռմբակոծություններ են իրականացրել Սիրիայում ռազմական և պաշտպանական օբյեկտների վրա։ Բանակը հատել է սահմանը և գրավել բուֆերային գոտին Գոլանի բարձունքներում։ Նեթանյահուն ասել է, որ Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի «անբաժանելի մասը»: Գոլանի բարձունքները եղել են Սիրիայի կազմում մինչև 1967 թ.։ Վեցօրյա պատերազմի ժամանակ իսրայելական զորքերը գրավեցին այս տարածքը։ 1973 թվականի Յոմ Կիպուրի պատերազմից հետո կողմերը համաձայնություն կնքեցին զինադադարի և զորքերի բաժանման մասին։ 1974 թվականին Գոլանի բարձունքներում հայտնվեցին ՄԱԿ-ի խաղաղապահ հենակետերը։