կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-06 17:43
Հասարակություն

Տեղյակ էլ չենք եղել, որ գերի ունենք

Տեղյակ էլ չենք եղել, որ գերի ունենք

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով Ադրբեջանի Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների պետական հանձնաժողովին, այսօր տեղեկատվություն տարածեցին, թե  մայիսի 6-ին, այսինքն' այսօր, Արցախի Ակնայի (Աղդամի) շրջանում հայկական կողմին են հանձնել 2014-ի ապրիլի 20-ին սահմանն անցած` 1956-ին ծնված ոմն Վագիֆ Ռուբենի Մայելյանին։

 

Թեեւ ո'չ ապրիլի 20-ին, ո'չ էլ դրանից հետո` մինչ օրս նման տեղեկատվություն չէր հրապարակվել, թե ով է հատել ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, երբ, որտեղ, ինչ հանգամանքներում, այնուամենայնիվ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայության աշխատակցուհի Հասմիկ Գալստյանը Yerkir.am-ի հետ զրույցում նախ հաստատեց, որ ադրբեջանական կողմից, իրոք, հայկական կողմին է հանձնվել 1 գերի, իսկ այնուհետեւ նշեց, որ իրենք, օրինակ, տեղյակ էին որ նման դեպք է եղել, ու ապրիլի 20-ին հիշյալ անձն անցել է Ադրբեջանի տարածք: Հասմիկ Գալստայնը նաեւ նշեց, որ գերիների մասին տեղեկատվությունը, սովորաբար, Կարմիր խաչի կողմից չի տարածվում, իրենք իրենց մանդատի շրջանակներում լռելյայն կատարում են իրենց գործառույթները:

 

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից հավելեցին նաեւ, որ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները այցելած են եղել այսօր Արցախ վերադարձված Մայելյանին, սակայն որեւէ լրացուցիչ տեղեկատվություն կամ մեկնաբանություն, թե ով է Վագիֆ Մայելյանը,  ինչով է զբաղվել, ինչպես է հայտնվել սահմանից այն կողմ, ինչ վիճակով է վերադարձվել չհաջողվեց պարզել: Միայն իմացանք, որ նախկին գերին քաղաքացիական անձ է, ԼՂՀ քաղաքացի, նրա վերադարձն իրականացվել է ԼՂՀ Ակնայի (Աղդամի) շրջանի հատվածում, հիմա էլ նա գտնվում է ԼՂՀ-ում' իշխանության համապատասխան մարմինների հովանու ներքո:

 

Որեւէ տեղեկատվություն, կապված հարցի հետ, թե ինչո՞ւ մինչ վերադարձը հասարակությանը հայտնի չէր, որ ապրիլի 20-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծից այն կողմ մարդ է անցել ու հայտնվել գերության մեջ, չհաջողվեց ստանալ նաեւ ԼՂՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանից, ով մեզ հետ զրույցում նշեց, որ գերիների, նրանց վերադարձի եւ այլ նմանատիպ հարցերով իրենք չեն զբաղվում, եւ ինքը չի կարող պատասխանել մեր հարցերին: «Եթե ժամաակին մեզ տրամադրած լինեին ինֆորմացիա, մենք անպայման տեղեկատվութուն կտարածեինք, իսկ ինֆորմացիային չենք տիրապետում, դա մեր լիազորությունների մեջ չի մտնում»,- նշեց ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը:

 

Ամեն դեպքում' ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից Հասմիկ Գալստյանը տեղեկացրեց նաեւ, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է միայն իր մոտ գտնվող 1 հոգու' վերոհիշյալ Վագիֆ Մայելյանին, ու ներկա դրությամբ, պաշտոնապես հաստատված տեղեկություններով, Ադրբեջանում եւս 6 հայ գերի կա' 1 ռազմագերի եւ 5 քաղաքացիական անձինք: