կարևոր
934 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-12-20 15:24
Աշխարհ

Իսրայելը կրկին խախտել է հրադադարը Լիբանանի հետ

Իսրայելը կրկին խախտել է հրադադարը Լիբանանի հետ

Իսրայելի բանակը 6 անգամ խախտել է Լիբանանի հետ հրադադարի պայմանագիրը դրա մեկնարկից ի վեր՝ 23-րդ օրը։ 

Նոյեմբերի 27-ին զինադադարի ստորագրումից հետո իսրայելական զինվորականների կողմից իրականացված խախտումների թիվը հասել է 259-ի։ Այս հարձակումների հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 37-ը՝ վիրավորվել։

Լիբանանյան NNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելցի զինվորականները տներ են պայթեցրել Լիբանանի հարավում՝ Քեֆր Քիլա շրջանում, և պայթյունի ալիքից ցնցումներ են գրանցվել տարածաշրջանում։ Իսրայելական բանակի անօդաչու թռչող սարք է նկատվել Սուր քաղաքի վրա։ 

Բացի այդ, իսրայելական բանակը հրետակոծել է Լիբանանի հետ սահմանին գտնվող Ալմա էլ-Շաաբի արվարձանները և ավերել տներ Թայր Հարֆա քաղաքում։

Նաքարա գյուղում իսրայելցի զինվորականները բուլդոզերներով շենքեր են ոչնչացրել։ 

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր մահացել է առնվազն 4061 մարդ, այդ թվում՝ 1106 կին և երեխա, ինչպես նաև 222 բուժաշխատող։ Ավելի քան 16 հազար մարդ վիրավորվել է։

Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ին տեղական ժամանակով ժամը 04:00-ին:

Համաձայնագրի երկրորդ կետում ասվում է, որ «Լիբանանի կառավարությունը կկանխի Իսրայելի դեմ ուղղված ցանկացած գործողություն Հեզբոլլահի կամ այլ զինված խմբերի կողմից, որոնք գտնվում են Լիբանանի տարածքում, Իսկ Իսրայելը օդից, ծովից կամ հողից ռազմական հարվածներ չի հասցնի Լիբանանի քաղաքացիական, ռազմական կամ պետական թիրախներին»: