Փոխարժեքներ
21 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Փաշինյանը դեմ չէ «խաղաղության պայմանագրի» կնքման համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմաններին. համաձայն է , բայց որոշակի վերապահումներով։ Օրեր առաջ՝ դեկտեմբերի 18-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հարցազրույցներով են հանդես եկել:
Ալիևը ռուս լրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» նախագծի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են, իսկ չհամաձայնեցված հարցերից մեկը վերաբերում է միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշմանը: Փաշինյանն էլ Արմենպրեսի հետ զրույցում արձագանքել է Ալիևի այս հայտարարություններին:
Քաղաքագետ Արա Պողոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյան-Ալիև հայտարարություն-արձագանքների, նկատեց. «Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ինքնին հերքում են ՀՀ իշխանությունների մինչև հիմա հայտարարած բոլոր թեզերը. օրինակ՝ այն հանգամանքը, որ չեն կարող բարձրաձայնել բանակցությունների դրույթները՝ ելնելով փոխադարձ համաձայնությունից:
Այստեղ պիտի նկատենք, որ Ադրբեջանի նախագահն այս հարցազրույցով բացահայտում է չբարձրաձայնված դրույթները: Ավելին՝ խոսում է նաև չհամաձայնեցված կետերի մասին: Սա նշանակում է, որ Ադրբեջանն այն պահանջները, որոնք ներկայացնում է, դրանք բացառապես վերաբերվում են ՀՀ-ին, իսկ Ադրբեջանը չի պարտավորվում պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները»:
Քաղաքագետի խոսքով՝ եթե այս ամենը պրոյեկտվի Փաշինյանի հարցազրույցին, ապա կստացվի, որ Ադրբեջանը պահանջում է, որ ՀՀ իշխանությունները հետ կանչեն միջազգային ատյաններում իրենց բողոքները: Այս դեպքում, Պողոսյանը շեշտեց՝ չկա երաշխիք, որ թշնամին ևս նույն քայլին կդիմի ու հետ կկանչի բոլոր հայցերը: «Հիշեցնեմ, որ վաղուց թշնամի երկրում հայտարարվում է, թե Ադրբեջանին 150 միլիարդ դոլարի իբրև թե վնաս է հասցվել: Վստահ եմ, որ այս պահանջից Ադրբեջանը հետ չի կանգելու… ընդհակառակը՝ այդ ֆինանսական պահանջը ներկայացվելու է միջազգային ատյաններում»,- ասաց Պողոսյանն ու հավելեց՝ եթե անգամ ՀՀ-ի հետ պայամանավորվածություն ձեռք բերվի այս կետի վերաբերյալ, միևնույն է, թշնամի երկրում, քաղաքագետի պնդմամբ՝ հայտարարվում է, որ սա «խաղաղության պայամանգրից» անջատ է կատարվելու:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում հրապարակել էր երևակայական վնասի թիվը։ «Վերջերս ավարտեցինք պատճառված վնասի վերլուծությունը, ընդ որում՝ մանրամասն վերլուծությունը։ Մենք դրա վրա ծախսել ենք 4 տարի, և ամեն ինչ փաստաթղթավորված է։ Խոսքը ավելի քան 150 միլիարդ դոլարի մասին է՝ այն վնասի, որը հասցվել է օկուպացիայի տարիներին»,-հարցազրույցում ասել էր Ալիևը։
Մյուս կետը, որն ըստ Ալիևի՝ խանգարում է «խաղաղության պայմանագրի» կնքմանը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին երրորդ երկրների ուժերի չտեղակայման մասին պահանջն է: Դե իսկ Փաշինյանը հարցազրույցում վստահություն է հայտնել այս մասով ու ընդգծել, որ սահմանազատված հատվածներում էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում են:
«Եթե չասենք նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետևաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որեւէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, եւ Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը»,- պնդել էր Փաշինյանը: Սակայն որքանո՞վ վստահ լինի հայ ժողովուրդը, որ երրորդ երկրի ներկայության բացակայության դեպքում էսկալացիա կամ պատերազմական իրավիճակ չի ստեղծվի, չէ՞ որ Ադրբեջանն անընդհատ է սպառնալիքի լեզվով խոսում: Քաղաքագետ Արա Պողոսյանի պնդմամբ՝ չկա որևէ երաշխիք ու ապացույց, որ էսկալացիայի վտանգը նվազել է:
«Փաշինյանի խոսքերի ենթատեքստն այն մասին է, որ Ադրբեջանը երբ էլ ցանկանա էսկալացիա կլինի: Պետք է շեշտեմ, որ չպիտի գերագնահատենք ԵՄ դիտորդական առաքելությանն ու դրա արդյունավետությանը: Ադրբեջանի պահանջն, իմ խորին համոզմամբ, ոչ թե վերաբերվում է զուտ ԵՄ դիտորդական առաքելությանն, այլև առհասարակ բացառել նախադեպը՝ հայ-ադրբեջանական սահմանում երրորդ կողմի ներկայությունը»,- ասաց քաղաքագետն ու շեշտեց՝ ակնհայտ է , որ ինչ-որ մի պահի կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ քաղաքացիական դիտորդական առաքելությանը կփոխարինեն օրինակ զինված ստորաբաժանումներ: Արա Պողոսյանը վստահ է՝ Ալիևը վերոնշյալն ուզում է ամրագրել «խաղաղության պայմանագրով», որպեսզի խուսափի այս պահին առկա իրավիճակից:
Քաղաքագետն օրինակ է բերում՝ այս պահին հայ-թուրքական սահմանը վերահսկում է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը զսպիչ դեր է կատարում Թուրքիայի հետ հարաբերություններում: «Ադրբեջանը չի ցանկանում, որ այստեղ այդպիսի զսպիչ ուժ գործի»,- շեշտեց նա ու հիշեցրեց Երասխի մետալուրգիական գործարանի մոտակայքում տեղի ունեցած միջադեպերը: Հիշեցնենք, որ Երասխի մետալուրգիական գործարանը, որը կառուցվում էր սահմանին շատ մոտ ու 2023 թ. հունիսից պարբերաբար ադրբեջանական կրակի տակ էր, 2023 թ. դեկտեմբերի 14-ի կառավարության որոշմամբ գործարանի կառուցումը տեղափոխվեց Արարատի մարզի Արարատ գյուղում։
«Այս դեպքում ՀՀ իշխանությունները որոշեցին ու տեղափոխեցին գործարանը: Ի՞նչ ստացվեց…ստացվեց, որ ՀՀ-ն իր սուվերեն տարածքում չկարողացավ որոշումներ կայացնել»,- պնդեց քաղաքագետը: Լրագրող Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում Ալիևը խոսել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին, իսկ Փաշինյանը, երեկվա հարցազրույցույմ շեշտել է, որ Ալիևի գաղափարը կառուցողական է և հավելել, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը։
Քաղաքագետ Արա Պողոսյանը մեզ հետ զրույցում լուսավորելով Փաշինյան-Ալիև հայտարարությունների մութ կողմերը նկատեց՝ ԵԱՀԿ Մինսկի ձևաչափը, ֆորմալ առումով, հիմա գոյություն չունի, քանզի հակասություններ կան համանախագահող երկրների միջև: «Եթե ապագայում պահպանենք այս ձևաչափն, ապա պետք է վերաֆորմատավորվի: Եթե կողմերի համաձայնությամբ լուծարվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը, շեշտեմ՝ Արցախի հիմնախնդրով զբաղվող միակ լեգիտիմ միջազգային կառույցն է, ապա ստացվում է, որ Արցախյան հիմնախնդիր գոյություն չունի: Սրան, ի դեպ, Ադրբեջանը փորձում է հասնել:
Այստեղ երկրորդ կետ էլ է առաջանում. անիմաստ են դառնում այն դատական հայցերը, որ ներկայացրել ու պիտի ներկայացնենք միջազգային ատյաններում (նկատի ունի Արցախում 2023 թ. տեղի ունեցած էթնիկ զտումներն ու բռնի տեղահանումը- խմբ.)»,- եզրափակեց քաղաքագետը:
Սիլվի Մուրադյան