կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-02 15:20
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերի մեր երեխաների մասին ՌԴ-ից ենք տեղեկություն խնդրում, քանի որ մեր պետական ինստիտուտները քայքայված են․ ակցիա դեսպանատան դիմաց

Մեր խնդրանքն է, որ փոխանցեք տեղեկություններ, թե մեր երեխաներից ով է գտնվում Ադրբեջանում գերության մեջ, բայց ցուցակներում հաստատված չէ, քանի  որ ունենք տեղեկություններ, որ այդպիսիք կան՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող՝ գերի ընկած եւ անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը։

Ակցիայի մասնակիցների անունից նա նշեց, որ այսօր Մոսկվայում տեղի են ունենալու եռակողմ բանակցություններ՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ադրբեջանական կողմից այնտեղ է գործուղվել արտաքին հետախուզության պետը, որն Ալիևի աջ ձեռքն է, իսկ մեր կողմից Արշակ Կարապետյանը՝ ԳՇ պետի տեղակալը, որը այդպես էլ չի ընդունվում Ռուսաստանի Դաշնությունում՝ նախկին իշխանությունների դեմ իր գործողությունների պատճառով ։

«Մենք հասկանում ենք, որ մեր պետական ինստիտուտները քայքայված են և մենք չենք ստանում այն աջակցությունը մեր երեխաների խնդիրների վերաբերյալ, որ պետք է ստանայինք շատ ավելի վաղ։ Տեսնում ենք վերջին իրադարձությունները, որ մեր երեխաների դիակները պահպանվել են ոչ պատշաճ պայմաններում։ Ոչ մի պատճառաբանություն դրա վերաբերյալ չենք կարող ընդունել։ ՌԴ ղեկավարներին ենք խնդրում, քանի որ մեր պետական ինստիտուտները հրաժարվում են կատարել ի պաշտոնե իրենց խնդիրները, պաշտպանության նախարարը պատգամավորներին հայտարարում է, որ ՊՆ-ն չի զբաղվում գերիների հարցով, մեր մեջ հարց է առաջանում՝ ո՞վ է զբաղվում։ Ծնողներին անընդհատ առաջարկում են դիմել ՌԴ-ին կամ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարին, և այն գերիները, որ վերադարձվել են, եղել են նրա և ՌԴ ղեկավարության ջանքերով։ Մենք հուսահատված ենք, որ չենք ստանում ՀՀ ղեկավարության աջակցությունը և դիմում ենք ձեզ»,-ասաց ակցիայի մասնակիցը։

Նա նշեց, որ իրենց խնդրանքն է, որ այս հարցին Ռուսաստանը ուշադրություն դարձնի՝ իրենց հույսը միայն Ռուսաստանն է։ 

«Մեր ղեկավարությունը կորցրել է կոմպետենտությունը, այս պահին ոչ ոք ոչնչով չի զբաղվում։ Ես դիմում եմ Ռուսաստանի նախագահին, արտաքին գործերի նախարարին, պաշտպանության նախարարին, խնդրում եմ, չգիտեմ ինչպես, բայց  հասեք նրան, որ  Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի մեր գերիներին ու մեզ վերադարձնի նրանց»,– ասաց ակցիայի մասնակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում․