Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսի 13-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, պլանավորվում է այցի ընթացքում քննարկել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, վառելիքաէներգետիկ ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Նախաստեսվում է նաև ստորագրել 5-6 երկկողմ պայմանագիր, որոնք, սակայն, ըստ էության, ստրատեգիական բնույթ չեն ունենալու: Այցի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունից դատելով' կարելի է կարծել, թե Կասպից ծովի իրավական կարգավիճակին և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցերը ռուս-ադրբեջանական օրակարգում առաջնային չեն լինելու:
Փոքրիկ շանտաժների լեզուն
Բայց անկախ դրանից' ինքնին ուշագրավ է, որ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Վլադիմիր Պուտինը հարավկովկասյան տարածաշրջանային առաջին այցը կատարում է ոչ թե իր ստրատեգիական գործընկերը համարվող Հայաստան, այլ Ադրբեջան այն դեպքում, երբ մինչ այդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեք-չորս անգամ Պուտինին պաշտոնապես հրավիրել էր Երևան և պատասխան չէր ստացել: Այս իմաստով Պուտինի կատարած ընտրությունը հօգուտ Ադրբեջանի, պետք է ընկալել իբրև դիվանագիտական ժեստ թե այդ հրավերների և թե առհասարակ Հայաստանի իշխանությունների նկատմամբ. Մոսկվան ոչ միայն փաստում է երկու երկրների քաղաքական հարաբերությունների նկատելի սառեցման իրողությունը, այլև փորձում հասկացնել, որ Հայաստանի եվրաինտեգրացիոն գայթակղությունների պատճառով կարող է փոխել նախընտրությունների վեկտորները, որը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Այլ կերպ ասած' Պուտինի այցը Ադրբեջան' իր մեջ Հայաստանին ուղղված շանտաժի որոշակի էլեմենտներ է պարունակում, թեև, իհարկե, դա մեկօրյա այս այցի հիմնական պատճառը չէ: Ավելին. իարվիճակի փոքր-ինչ խորքային դիտարկումները ցույց են տալիս, որ սա ոչ միայն ավելի շատ սիմվոլիկ, քաղաքական ոչ էական նշանակության այց է, այլև, ըստ էության, մերկացնում է Հարավային Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության փակուղայնությունը:
Չկայացած կանգառի էֆեկտը
Նախ` ինքնին այն փաստը, որ այցը մեկօրյա է, ցույց է տալիս, որ այն հիմնականում պրոտոկոլային նշանակություն ունի, քանի որ նման ժամկետը ակնհայտորեն բավարար չի կարող լինել ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրների օրակարգը սպառելու, առավելևս դրանք կառուցողական հունի մեջ դնելու համար: Իրականում Պուտինի այս այցը պետք է տեղի ունենար մեկ այլ' աշխարհաքաղաքական առումով շատ ավելի կարևոր' Իրան կատարելիք այցի շրջանակում: Դեռ հուլիսի սկզբներին, թե պաշտոնական Մոսկվան և թե Թեհրանը, հաստատում էին օգոստոսի հենց այս օրերին ՌԴ նախագահի' Իրան այցելելու մասին տեղեկությունները: Ավելին' արդեն գրեթե հայտնի էր, որ Պուտինը Իրան է մեկնելու Բաքվով, որտեղ կանգ է առնելու ընդամենը մեկ օր, որտեղից Կասպիցով ուսական ռազմական նավատորմի ուղեկցությամբ մեկնելու էր Իրան, ավելի կոնկրետ' Թեհրանից 300կմ հեռավորության վրա գտնվող Էնզելի նավահանգիստ, որտեղ, ըստ ռուսական կողմի մշակած ֆորմատի' կայանալու էր հանդիպումը Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Նման երթուղին ընդգծում էր, որ սա ոչ այնքան հարավկովկասյան այց է լինելու, որքան կասպյան և դրա հիմնական նպատակը լինելու էր հենց Կասպիցի կարգավիճակի խնդրի շուրջ բանակցությունների անցկացումը' աշնանը Մոսկվայում սպասվող կասպյան երկրների' Ռուասաստանի, Ադրբեջանի, Իրանի Ղազախստանի և Թուրքմենստանի գագաթաժողովի նախապատրաստման շրջանակներում:
Սակայն Պուտինի այդ, ըստ էության, շրջայցը չկայացավ իրանական կողմի պատճառով, որին չբավարարեց ՌԴ նախագահի' մայրաքաղաք Թեհրան չայցելելու և հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին չհանդիպելու Կրեմլի որոշումը, ինչն ընդգծում էր Մոսկվայից շատ ավելի լուրջ ակնկալիքները, քան պարզապես Կասպիցի հացի շուրջ նավահանգստային մակարդակով ինչ-որ հանդիպման անցկացումը: Ամեն դեպքում իրանական այցի ձախողման ֆոնին Ադրբեջան կատարելիք այցը մնում էր վերջնական ու ամբողջական ֆիասկոյից խուսափելու Կրեմլի միակ հնարավորությունը, որը Պուտինն, իհարկե, կփորձի օգտագործել բոլորովին այլ խնդիրներ լուծելու համար:
Ի՞նչ է Պուտինը փնտրում Ափշերոնում
Բանն այն է, որ ընդամենը երկու ամիս առաջ Ադրբեջանը փաստացի թաղեց ՆԱԲՈՒԿՈ նախագիծը' իր գազը եվրոպական շուկաներ հասցնելու համար նախապատվությունը տալով մինչև 20 մլրդ խմ թողունակությամբ «Անդրադրիատիկ գազատար»-ին, որը կառուցվելու է 2017թ.: Չնայած Ադրբեջանը համարվում է այս գազատարի հիմնական, գործնականում միակ մատակարարը, սակայն դրա քաղաքական նշանակությունն ավելի փոքր է, որովհետև նախ դժվար է ասել' կկարողանա՞ արդյոք Բաքուն ապահովել գազի անհրաժեշտ ճնշումը, (քանի որ ՆԱԲՈՒԿՈ-ի դեպքում խոսքը վերաբերում էր ոչ միայն ադրբեջանական, այլ նաև իրանական և իրաքյան գազի մասին): Բացի դրանից' այս նախագիծն ավելի փոքր շուկաներ է խոստանում Ադրբեջանին, քան ՆԱԲՈՒԿՈ-ի շրջանակում:
Իր հերթին Տրանսադրիատիկ գազատարը համեմատաբար ավելի թույլ մրցակից է ռուսական «Հարավային հոսք» գազատարի նախագծի համար և այս իմաստով Ադրբեջանն, ըստ էության, հսկայական ծառայություն մատուցեց Ռուսաստանին' նրան ազատելով հիմնական մրցակցից: Բացի դրանից, ինչպես հայտնի է, Ռուսաստանն այս տարի դադարեցրել էր Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով ադրբեջանական նավթի տարհանման մասին 1996թ. կնված պայմանագիրը, որով Ադրբեջանը հնարավորություն ուներ տարեկան 5 մլն տոննա նավթ արտահանել: Պատճառը ըստ ռուսական կողմի, եղել է այն, որ Ադրբեջանը կարողացել է ապահովել ոչ թե 5, այլ ընդամենը 2մլն տոննա նավթի ծավալ, ինչը տնտեսապես եղել է ոչ ձեռնտու: Սակայն մոտ երկու ամիս առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նոր պայմանագիր կարող է կնքվել, որով այլ պայմաններ են նախատեսվելու: Հուլիսին նաև տեղեկություն տարածվեց այն մասին, որ ռուսական «Ռոսնեվթ» ընկերությունը հետաքրքրություն է հանդես բերում ադրբեջանական ափշերոնյան հանքավայրից գազի արդյունահանման նախագծերի հանդեպ և չի բացառվում, որ կարող է մուտք գործել այդ շուկա:
Նաև այն փաստը, որ Պուտինի այցելության օրակարգում նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստորագրում ռուսական «Ռոսնևթ»-ի և ադրբեջանական «Սոքար» ընկերությունների միջև, թույլ է տալիս եզրակացնելու, որ Ռուսաստանը փորձում է քայլ առ քայլ մուտք գործել ադրբեջանական էներգետիկ արդյունահանման ոլորտ, ինչը կարող է հանգեցնել այդ երկրում նրա ազդեցության մեծացման: Մյուս կողմից սա նաև հնարավորություն կարող է տալ Ադրբեջանին' մանևրելու ՌԴ-ի հետ հարաբերություններում և նրա առջև որոշակի քաղաքական պահանջներ դնելու, այդ թվում նաև ԼՂ հիմնահարցի շրջանակներում:
Ադրբեջանում, իհարկե, նկատելիորեն ոգևորված են հայ-ռուսական հարաբերություններում սկսված տեղատվությամբ, ինչպես նաև այն փաստով, որ Պուտինը տարածաշրջանային առաջին այցը կատարում է ոչ թե Երևան, այլ Բաքու: Բայց միևնույն ժամանակ այնտեղ խորը մտահոգություն ունեն, թե Պուտինը, հաշվի անելով ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման հեռանկարն առայժմ կասեցնել չկարողանալու հանգամանքը, կարող է մեծացնել ճնշումը Ադրբեջանի նկատմամբ' վերջինիս իր ծրագրած Եվրասիական միությանը միացնելու, այդպիսով Հարավային Կովկասը չկորցնելու նպատակով: Դա է պատճառը, որ Բաքվում Պուտինի այս այցին, որը, ի դեպ, պատշաճ մակարդակով չի նախապատրաստվել, սպասում են ավելի մտահոգությամբ, քան ոգևորությամբ: Մյուս պատճառն այն է, որ Բաքվում չեն հավատում Մոսկվայի կողմից օրիենտացիաների կտրուկ փոփոխություններին և Հայաստանի նկատմամբ իրականացվողն ավելի շատ համարում են տակտիկական հնարանքներ, որոնք չեն կարող հանգեցնել ԼՂ հիմնահարցում ՌԴ-ի կտրուկ դիրքափոխության, անգամ 1մլրդ դոլարի հարձակողական գերժամանակակից զինտեխնիկայի վաճառքի գործարքը հաշվի առնելով:
Սակայն ողջ հարցն այն է, որ թե Հայաստանը և թե Ադրբսջանը գործ ունեն ռուսական «արջի» հետ, որի նման թեթև տակտիկական խաղերն անգամ լրջագույն վտանգ են սպառնում առողջությանը, մանավանդ երբ չգիտես, թե այդ խաղերում հերթական հարվածն ինչ բնույթի, ինչ ուժգնության ու որ կողմից է լինելու:
Գևորգ Դարբինյան