կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-03 15:38
Մշակույթ

Ազատ Գասպարյանին վերջին հրաժեշտը` օգոստոսի 5-ին

Ազատ Գասպարյանին  վերջին հրաժեշտը` օգոստոսի 5-ին

Ազատ Գասպարյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 4-ին` ժամը 18:30-ից` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 5-ին` ժամը 12 -14-ը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը՝ ժամը 14-ին Երևանի քաղաքային պանթեոնում:


Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին կյանքի 70-րդ տարում ծանր հիվանդությունից հետո վախճանվեց մեր ժողովրդի կողմից սիրված արվեստագետներից մեկը` ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի, Բնական գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, թատրոնի և կինոյի դերասան, ասմունքող Ազատ Նիկոլի Գասպարյանը:


Ազատ Գասպարյանը ծնվել է 1943 թ. օգոստոսի 13-ին Երևանում: 1963 թ. ավարտել է Երևանի ակումբագրադարանային տեխնիկումը, իսկ 1969 թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը` աշակերտելով Վարդան Աճեմյանին: 1963-1965 թթ. աշխատել է Երևանի պետական տիկնիկային թատրոնում, 1969-1971 թթ.՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1971-1979 թթ. աշխատել է Երևանի Դրամատիկական թատրոնում, 1979 թ՝ հեռուստաթատրոնում: 1986 թվականից մինչև կյանքի վերջը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի առաջատար դերասաններից էր։

 

Տարբեր տարիների աշխատել է նաև «Մետրո» և Երիտասարդական փորձարարական թատրոններում` միաժամանակ հանդիսանալով վերջինիս գեղարվեստական ղեկավարը: Հարուստ ու բովանդակալից է եղել անվանի դերասանի անցած ուղին թե’ թատրոնում և թե’ կինոյում: Կինոյում ստեղծած նրա լավագույն դերերից են Ռուբենը («Երջանկության մեխանիկա»), Մեսրոպը («Հին օրերի երգը»), քահանան («Ճերմակ անուրջներ»), միլիցիոներ Մեսրոպը («Մեր մանկության տանգոն»), Սարգիսովը («Կարոտ») և այլն։

 

Հատկապես անմոռանալի է նրա կերտած Եղիշե Չարենցի կերպարը «Երկունք» ֆիլմում։ Ազատ Գասպարյանը կինո բերեց ազգային հոգեկերտվածք ու կոլորիտ, ստեղծեց հաճախ սեփական տառապանքի անունից գործող, բայց կենսական ուժը չկորցնող մարդկային տիպարներ, որոնք բոլորն էլ ազգային բնավորության դրոշմն ունեին իրենց վրա: Ի դեմս Ազատ Գասպարյանի, հայ մշակույթը կորցրեց նվիրված ու հայրենասեր արվեստագետի, ճշմարիտ մտավորականի, ում հիւշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում։