Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեր հասարակության` տարեցտարի հասունացող քաղաքացիական գիտակցությունն արդեն տալիս է իր արդյունքները, օրինակ` տրասպորտի թանկացման դեմ ուղղված շարժման հաղթական հանգուցալուծումը. այսօր մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց քաղաքական-հասարակական գործիչ Ազատ Արշակյանը:
«Չնայած նրան, որ մեր հանրապետության մեջ շատ բան է վերահսկվում և ենթադրվում, այս շարժումն ինքնաբուխ էր: Քաղաքապետարանի կողմից նման որոշումը հերթական անհարգալից քայլերից մեկն էր մեր հասարակության նկատմամբ, իսկ մեր երիտասարդությունը և սոցիալական այլ խմբեր թույլ չտվեցին ոտնահարել սեփական արժանապատվությունը»,- նշեց նա:
Իսկ իշխանությունների` հասարակության նկատմամբ այն կեցվածքը, թե ինչ էլ անեն, ժողովուրդը կհարմարվի, բանախոսը բացատրեց հայկական քաղաքական բյուրոկրատիայի հնամաշությամբ: «Տասնամյակներ շարունակ կուսակցությունների ներսում սերնդափոխություն չի կատարվում, և դրանք շարունակում են ղեկավարել ներկայիս կոմունիկատիվ հասարակության պահանջներին ու մտածողությանը չհամապատասխանող, հետ մնացած ղեկավարներ»,- ասաց Ազատ Արշակյանը և հավելեց, թե ինչպես կարող է լինել ժողովրդավարություն պետական կառավարման մեջ, երբ այն չկա քաղաքական դաշտում դերակատարություն ունեցող կուսակցությունների ներսում:
Ասուլիսի մյուս բանախոս, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով` հարցն այն չէ, թե ինչու գոյություն ունեցող համատարած գնաճի և քաղաքական բազում խնդիրների պայամաններում քաղաքացիական ամբողջ ներուժը կենտրոնացվեց հենց տրանսպորտի թանկացման դեմ պայքարում, ամենակարևորը երիտասարդության` խնդիրներ լուծելու համար առաջարկած համերաշխության մեթոդն է:
Բանախոսները խոսեցին նաև Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին: Ըստ Ազատ Արշակյանի` Հայաստանը պետք է խուսափի Եվրասիական միությունից, քանի որ, ըստ նրա, դա Ռուսաստանի գաղութատիրական քաղաքականության դրսեւորումներից է: «Մտնել Եվրասիական միություն, նշանակում է Հայաստանի պետական կարգավիճակից մի քայլ ետ գնալ դեպի գաղութի կարգավիճակ»,-ընդգծեց նա: Իսկ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը համարում է, որ այս հարցում պետք է հաշվենկատ լինել, քանի որ Եվրոպան կարող է ապահովել Հայաստանի տնտեսական անվտանգությունը, իսկ Ռուսաստանը` ռազմականը: