Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Տրանսպորտային անհնազանդությունը սկսված է» ֆեյսբուքյան նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Հուլիսի 20-ի առավոտից սկսում ենք երթուղայիններում թռուցիկների տարածումը, ցուցադրական 100 դրամների վճարումը, մարդկանց իրազեկումը, հիմնավորումը, թե ինչու է պետք վճարել 100 դրամ: Արդեն կազմվել են մի քանի խմբեր, որոնք քաղաքի տարբեր հատվածներում առավոտից կաշխատեն: Եթե կան այլ մարդիկ, որոնք ցանկանում են մասնակցել ու ներգրավված չեն այդ խմբերում, կարող են միանալ ֆեյսբուքյան միջոցառմանը, կազմել իրենց խումբը և անցնել գործի, կամ դա իրականացնել միայնակ` տպելով թռուցիկի տեքստը կամ գրելով ֆեյսբուքյան միջոցառման մեջ, և եթե կլինեն պատրաստի տպված թռուցիկներ, վերցնել դրանք: Նույնիսկ թռուցիկի բացակայության պարագայում նստում ենք երթուղայիններ, դեմոնստրատիվ վճարում ենք 100 դրամը` բացատրելով վարորդին և մյուս ուղևորներին, թե ինչու է դա արվում՝ կոչ անելով մյուս ուղևորներին ևս վճարել 100 դրամ»։
Թռուցիկի տեքստը հետևյալն է`
ՉԵ՛ՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ ՀԱՎԵԼՅԱԼ 50 ԴՐԱՄ
Հայաստանցի՛, քեզ խաբում են՝ հայտարարելով, թե տրանսպորտի 50-100 % թանկացումը ընդհանուր թանկացումների անխուսափելի հետևանքն է։ Հանրային տրանսպորտը թանկացնում են 50-100 %՝ շատ ավելի բարձր տոկոսով, քան թանկացումներն է։ Ավելին, դիզվառելիքը չի թանկացել, բայց դրանցով աշխատող ավտոբուսների ուղեվարձը նույնպես պատրաստվում են դարձնել 150 դրամ:
ՄԻ՛ ԹՈՂ ՔՈ ՀԱՇՎԻՆ ՈՒՐԻՇՆԵՐԸ ԳԵՐՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱՆ
Չորս անձից կազմված միջին վիճակագրական ընտանիքի ամսական ծախսը այս թանկացումով կավելանա ամենաքիչը 10 000 դրամով: Ո՞ւր է գնալու այս գումարը, արդյո՞ք դրա արդյունքում թեթևանալու է վարորդների հոգսը կամ բարձրանալու է սպասարկման մակարդակը։ Ո՛չ, հայաստանցու գրպանից պակասող այս գումարի հաշվին ընդամենը էլ ավելի մեծանալու են այն օլիգարխների շահույթները, որոնց պատկանում են երթուղային ավտոբուսների գծերը։
ԲՈՅԿՈՏԻ՛Ր ԹԱՆԿԱՑՈՒՄԸ
Ի՞նչ անել։ Հաշտվել այս թանկացման հետ ու հնազանդվե՞լ։ Բայց եթե այս թանկացման նախաձեռնողները տեսնեն, որ դիմադրություն չկա, այս թանկացմանը կհետևեն համանման ուրիշ թանկացումներ՝ ավելի ու ավելի ծանր։ Դա թույլ չտալու համար պետք է բոյկոտել այս թանկացումը, չվճարել 150 դրամը և հասնել նրան, որ թանկացումը չեղյալ հայտարարվի։
ՄԻ՛ ՎՃԱՐԻՐ 150 ԴՐԱՄ
Միասին մենք կհասնենք նրան, որ այս թանկացումը չեղյալ հայտարարվի։ Մեր բոյկոտը բնավ ուղղված չի հանրային տրանսպորտի վարորդների դեմ։ Ընդհակառակը՝ 150 դրամ ՉՎՃԱՐԵԼՈւ մեր այս բոյկոտը կարող է խթան հանդիսանալ, որ վարորդները ավելի լավ գիտակցեն սեփական շահերը պաշտպանելու իրենց իրավունքը և օրենքով թույլատրված ձևերով, որոնցից է նաև գործադուլը, հասնեն իրենց սոցիալական վիճակի բարելավմանը։
Ի դեպ, տեղեկություն է տարածվել, որ այսօր առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել քաղաքացիական ակտիվիստներ Արսեն Օհանյանին, Դավիթ Հարությունյանին և Սոնյա Մսրյանին»։