կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-21 18:22
Առանց Կատեգորիա

Ինչո՞ւ է ՀԱԿ-ը դարձյալ կեղծ օրակարգ առաջադրում

Ինչո՞ւ է ՀԱԿ-ը դարձյալ կեղծ օրակարգ առաջադրում

Հունվարի 18-ին կայացած «Դեմ ենք» նախաձեռնության հանրահավաքը, որին միացել էին նաև ԱԺ ոչ իշխանական 4 ուժերը, կարծես, էյֆորիայի մեջ է գցել Հայ ազգային կոնգրեսին: Դեռ հանրահավաքի ընթացքում ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանն իր ելույթը կառուցեց ոչ թե կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ պայքարի տրամաբանությամբ, ինչը հանրահավաքի հրավիրման միակ առիթն ու պատճառն էր, այլ, այսպես կոչված, «հակաավազակապետական»: Դրանից երկու օր անց` հունվարի 20-ին, ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե իրենք ոչ միայն հնարավոր, այլև անհրաժեշտ են համարում իշխանափոխության նպատակով միասնական ընդդիմության ձևավորումը, իսկ արդեն սկսված գործընթացները լավատեսության հիմքեր են տալիս:

 

Այսպիսով` կարելի է արձանագրել, որ ՀԱԿ-ը փորձում է դարձյալ ակտիվ քաղաքական օրակարգ բերել, մի կողմից, միանգամից իշխանափոխության հարց առաջադրելու, մյուս կողմից` դա իրականացնելու համար միասնական ընդդիմության ձևավորման հարցը: Սա ուղղակիորեն հակասում է սկսված գործընթացների և դրանում ոչ իշխանական ուժերի ներգրավվածության տրամաբանությանը: Ակնհայտ է, որ հասարակությունն անուղղակիորեն առաջադրում է, այսպես կոչված, «լոկալ հաղթանակների» մարտավարությունը, որը, կարծես, որդեգրել է նաև քաղաքական ընդդիմադիր դաշտը: Սա ունի օբյեկտիվ հիմքեր: Նախ` հասարակությունն առայժմ չափազանց մասնատված է` ինքնուրույն իշխանափոխություն իրականացնելու, նույնիսկ քաղաքական ուժերին նման պատվեր իջեցնելու համար: Դրա ներուժն առայժմ չունեն նաև խորհրդարանական ոչ իշխանական ուժերը` չափազանց տարբեր հատվածական շահեր ունենալու և դեռևս չհաղթահարված փոխադարձ անվստահության մեծ պաշար ունենալու պատճառով: Երկրորդ` իշխանափոխությունը, հատկապես` դրա իրագործման մեխանիզմների հարցում առկա տարաձայնությունների առումով, անցած 5-6 տարիներին այնքան է չարչրկվել, որ այլևս որևէ հավատ չի ներշնչում ո'չ հասարակությանը, ո'չ էլ նույնիսկ այդ գաղափարի երդվյալ հետևորդներին: Բացի դրանից` իշխանափոխության գլոբալ խնդիրը, առայժմ գտնվելով իռացիոնալ դաշտում, չափազանց մեծ քաղաքական սպեկուլյացիաների, գործարքների տեղ է թողնում, ինչից միշտ տուժել են միայն թակարդն ընկած ընդդիմադիր ուժերը:

 

Այնպես որ` բոլոր առումներով նման գլոբալ խնդրի առաջադրումը թվում է վաղաժամ, քանի որ ո'չ քաղաքական դաշտը և ո'չ էլ հասարակությունը հասունացած չեն դրա համար: Այս իմաստով ՀԱԿ-ը պարզապես իրադարձություններից առաջ է ընկել, ինչի ներքո կարելի է նկատել նաև հասարակական-քաղաքական հասունացող պրոցեսներն առաջնորդելու` առայժմ անհամարձակ հավակնություններ: Փոխարենը ոչ իշխանական 4 ուժերը, այդ թվում` նաև ՀԱԿ-ը, ունեն մի քանի շատ ավելի կարևոր ու ավելի առարկայական խնդիրներ: Նախ` այս ուժերն առաջին հերթին խնդիր ունեն վերականգնելու կորսված հանրային վստահության հսկայական պաշարը, որը նրանց հասցրեց մարգինալացման եզրին: Իսկ դա արդեն հնարավոր չէ` հասարակական հետաքրքրություններն ու առաջնային պահանջմունքներն անտեսելով: Հասարակությանը ոչ այնքան բուն իշխանափոխությունն է հետաքրքրում, որքան իր սոցիալ-կենցաղային վիճակի վրա ազդող առաջնային խնդիրների լուծումը: Դրա վկայությունն այն է, որ հասարակությունը արձագանքում է միայն ի հայտ եկող հրատապ սոցիալ-տնտեսական խնդիրներին, այն էլ` առայժմ միայն քաղաքացիական խմբերի ու նախաձեռնությունների մակարդակով: Այնքանով, որքանով այս 4 քաղաքական ուժերը կկարողանան գեներացնել հասարակական այդ առաջնային պահանջմունքները և դրանք քաղաքական գործոն դարձնել, այնքանով կկարողանան վստահություն ներշնչել հասարակությանը և բարոյական իրավունք ձեռք բերել առաջնորդելու նրանց: Իսկ դա այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից:

 

Երկրորդ խնդիրն այն է, թե որքանով այդ ուժերը կկարողանան հասարակական տարբեր շերտերի դժգոհությունը, պահանջները սինթեզել այնպես, որ հնարավոր լինի աստիճանաբար կոնսոլիդացնել այդ բոլոր շերտերին մեկ ընդհանուր պայքարի շրջանակում: Այսինքն` որքանով կկարողանան ձևակերպել այնպիսի քաղաքական օրակարգ, որտեղ հասարակական այդ շերտերից յուրաքանչյուրը կտեսնի իր խնդիրը, իր պահանջները և դրանց լուծման մեխանիզմները, ըստ այդմ` իմաստ կտեսնի դուրս գալու փողոց` հանուն այդ ընդհանուր օրակարգի: Հայաստանյան բոլոր ժամանակների ընդդիմությունների հիմնական բացթողումը, դրանով հանդերձ` տապալումների հիմնական պատճառը հենց այս խնդիրը չլուծելը, այդ հարցում բավարար անկեղծություն չդրսևորելն է եղել: Իսկ դրա առաջին նախապայմանը կեղծ օրակարգեր առաջադրելուց իսպառ հրաժարվելն է: Միասնական ընդդիմության ստեղծումն այն դեպքում, երբ ակնհայտ է դրա նախադրյալների բացարձակ բացակայությունը, այլ բան չէ, քան հենց կեղծ օրակարգ առաջադրելը: Ի վերջո, քաղաքական ուժերի միասնականությունը ոչ թե ֆորմալ ինչ-որ կառույցների ստեղծումն է, այլ համաձայնեցված գործողությունների պլանավորումն ու իրականացումը` հսկայական գաղափարական ու արժեքային հակադրությունների պարագայում առանց միմյանց նկատմամբ ինչ-որ քաղաքական պարտավորություններ և միմյանց սկզբունքայնության համար պատասխանատվություն ստանձնելու: Սա այն դեպքն է, երբ ոչ թե ձևից պետք է գնալ դեպի բովանդակություն, այլ հակառակը: Միասնական ընդդիմության ստեղծմանը պետք է հանգել ինքնըստինքյան, բնականոն հունով: Ի վերջո, դա ոչ թե նպատակ է, այլ ընդամենը նպատակին հասնելու միջոց: Մինչդեռ առ այսօր ոչ իշխանական ուժերը նույնիսկ չեն կարողացել հստակեցնել այս գործընթացի ռազմավարության և մարտավարության ասպեկտները, դրանցում ինչպես իրենց, այնպես էլ հասարակության դերակատարության շրջանակները: Սրանից պետք է սկսել:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ