Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը և Ժակ Ֆորը նախօրեին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այսօր նրանք կժամանեն Հայաստան և վաղը` փետրվարի 5-ին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը կքննարկեն նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ի տարբերություն տարածաշրջանային նախորդ այցերի, այս անգամ համանախագահները Ստեփանակերտ չեն մեկնելու:
Համանախագահներն առաջին անգամ են հակամարտության գոտի այցելում 10 զինվորի կյանք խլած ադրբեջանական անհաջող դիվերսիայից և դրան հաջորդած` շփման գծում իրավիճակի աննախադեպ լարումից հետո: Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ ՄԽ ամերիկացի համանախագահը թվիթերյան իր էջում գրել էր, որ Ադրբեջանի նախագահի հետ քննարկելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը: Ուորլիքը ոչ մի խոսք չէր նշել այն մասին, թե ադրբեջանական կողմի հետ քննարկվելո՞ւ են արդյոք պարբերաբար ռազմական սադրանքների դիմելու, դրանով, ըստ էության, բանակցային խաղաղ գործընթացը տորպեդահարելու պատճառները: Համանախագահների հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը հանդես է գալիս բանակցությունները շարունակելու դիրքերից, որոնք այս պահին ընթանում են կոնկրետ հարցերի շուրջ: «Այդ հարցերը քննարկվել են համանախագահների հետ, որոնք Երևան են այցելելու մի քանի առաջարկություններով: Եթե մենք տեսնենք հայկական կողմի կառուցողական արձագանքը, բանակցությունները կշարունակվեն»,- ավելացրել է նա:
Թե կոնկրետ ի՞նչ առաջարկությունների մասին է խոսքը, ո'չ պաշտոնական Բաքուն և ո'չ էլ համանախագահները չեն հստակեցրել: Որոշակի չէ նաև, թե արդյո՞ք խոսքը ինչ-որ նոր առաջարկությունների մասին է, թե՞ նրանց, որոնք ավելի վաղ կողմերին ներկայացրել էր Վաշինգտոնը: Սակայն Մամեդյարովի մեկնաբանությունից տպավորություն է ստեղծում, թե համանախագահները Երևան են բերում Բաքվի առաջարկությունները: Խնդիրը, սակայն, բուն առաջարկությունների բովանդակությունը չէ, այլ դրանց հերթական խմբաքանակը շրջանառության մեջ դնելու փաստը` այն դեպքում, երբ կողմերը նույնիսկ չեն հասցրել համաձայնեցնել անցած տարվա նոյեմբերին Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկված օրակարգը, որոնց շուրջ էլ, ըստ նրանց հանձնարարականի, պետք է արտգործնախարարների մակարդակով շարունակվեին բանակցությունները: Այս պայմաններում նոր առաջարկությունների մասին հայտարարելը նույնն է, թե հրաժարվել նախկին հանձնառություններից և նախագահների նախանշած ուղուց: Ահա, թե ինչ նպատակ էր հետապնդում արյունալի դիվերսիոն սադրանքը հայկական ուժերի նկատմամբ: Պատահական չէ, որ Մամեդյարովը շեշտում է ոչ այնքան բուն առաջարկություններ ներկայացնելու հանգամանքը, որքան դրանց հանդեպ հայկական կողմի կառուցողական ռեակցիայի դեպքում բանակցությունները շարունակելու: Սա, ըստ էության, հնչում է որպես ուլտիմատում` կա'մ բանակցությունները շարունակվում են այդ առաջարկությունների հենքի վրա, կա'մ դադարեցվում են: Ընդ որում` սա ուլտիմատում է թե' հայկական կողմին և թե' ԱՄՆ-ին: Ի վերջո, պատային դրության մեջ հայտնված գործընթացը տեղից շարժելու նախաձեռնությունը պատկանում էր հենց Վաշինգտոնին: Մինչդեռ, ինչպես հայտնի է, համանախագահները տարածաշրջան են այցելել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու նպատակով: Բաքվի` ամեն կերպ մանևրելու և նորանոր առաջարկություններով իրավիճակն ավելի խճճելու քաղաքականությունն առնվազն կասկածի տակ է դնում դրա հնարավորությունը: Եթե անգամ համանախագահներին հաջողվի հասնել կողմերի համաձայնությանը` հանդիպման հետ կապված, այն լինելու է զուտ հանդիպում հանդիպման համար` առանց որևէ էական կամ ոչ էական արդյունքի:
Պատահական չէ, թերևս, որ, ի տարբերություն նախորդ դեպքերի, այս անգամ Բաքվից հեռանալուց առաջ համանախագահներից և ոչ մեկը նախագահների հնարավոր հանդիպման մասին հուսադրիչ կամ որոշակի որևէ ակնարկ չարեց: Երևանից բանակցությունների շարունակման ազդակները Բաքուն փորձելու է մատուցել որպես տակտիկական հաղթանակ: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ հայկական կողմը, փաստորեն, համանախագահներին պետք է պատասխանի` ընդունո՞ւմ է Ադրբեջանի ուլտիմատումը, թե՞ ոչ: Փարիզում արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի վերջին հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունն այնպիսի հաղորդագրություն էր տարածել, որ թվում էր, թե Հայաստանի հետ քննարկում է վերջինիս կապիտուլյացիայի պայմանները: Սա, իհարկե, արվում է սեփական ներքին լսարանին մանիպուլյացիայի ենթարկելու նպատակով: Բայց փաստն այն է, որ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս այն, ինչ անցնում է մտքով` համանախագահների լուռ հայացքների ներքո: Արտգործնախարար Մամեդյարովը հայտարարում է, թե խաղաղ կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանը դուրս քաշի զինված ուժերը բոլոր «օկուպացված» տարածքներից` որպես այդպիսին նկատի ունենալով նաև Լեռնային Ղարաբաղը:
Ուլտիմատումների լեզվով խոսելուն Երևանը ոչինչ չի հակադրում, անգամ այն դեպքում, երբ Բաքվի հավակնություններն արդեն դուրս են գալիս նույնիսկ ԼՂ-ի սահմաններից ու տարածվում Հայաստանի և Երևանի տարածքների վրա: Դրա ամենավտանգավոր կողմն այն է, որ Հայաստանն ինքն իր ձեռքով թե' իր և թե' միջազգային հանրության համար հանդուրժելի է դարձնում Ադրբեջանի նման ծավալապաշտությունը և ընդունում, որ նույնիսկ այդ մթնոլորտում է պատրաստ բանակցել` հանուն անիմաստ բանակցությունների, որոնք այսօր ընդամենը մեկ դեր են կատարում` ստվերում են Ադրբեջանում ուղղակի հոգեգարության հասնող հակահայկական ֆաշիզմն ու ատելությունը: Առնվազն զարմանալի է, որ Հայաստանը ո'չ Ադրբեջանի, ո'չ էլ միջազգային հանրության առջև, որպես բանակցությունները շարունակելու նախապայման, չի դնում այդ քարոզչությունը դադարեցնելու հարցը` մինչ այդ հրաժարվելով բանակցությունները շարունակելուց: Ինչո՞ւ Ադրբեջանը կարող է կամ պետք է օգտագործի այդ լեզուն, Հայաստանը` ոչ: Պաշտոնական այն տեսակետը, թե դրա հետևանքը կարող է լինել պատերազմի վերսկսումը, ընդամենը հանրային կարծիքի պարզունակ մոլորեցում է: Նախ` Ադրբեջանին ռազմական լայնամասշտաբ գործողություններ սկսելու համար բանակցությունները չէ, որ կաշկանդում են, այլ միայն ու միայն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային իրավիճակի աննպաստ լինելը: Իսկ այդ վիճակը չի փոխվելու նրանից, եթե Երևանը վերջապես դեմք և կամք ցուցադրի: Երկրորդ` ի վերջո, խոսքը ոչ թե բանակցություններից ընդհանրապես հրաժարվելու մասին է, այլ ժամանակավորապես և շատ տրամաբանված, բոլորին պարզ պատճառներով: Դրանից պետք է հետևություններ անեն բոլոր միջնորդ երկրները` վերանայելու համար ադրբեջանական կապրիզներն ու Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներն օրինաչափ համարելու և, առհասարակ, կողմերի վարքագծերը համահարթեցնելու քաղաքականությունը: Բայց քանի դեռ Երևանը դրան հասնելու համար չի արել իրենից կախվածը, իրավունք չունի ինչ-որ բան պահանջելու մյուսներից:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ