Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 10-ին Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը քննարկելու նպատակով հրավիրված խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն արեց մի հետաքրքրական հայտարարությունը, որը հասարակության և փորձագիտական շրջանակների կողմից ընկալվեց և քննարկվեց սպասվածից շատ ավելի նեղ կոնտեքստով: Խոսքը վերաբերում է հանրապետության նախագահի, իսկ պառլամենտական կառավարման համակարգի անցնելու պարագայում նաև վարչապետի պաշտոններին այլևս երբեք չհավակնելու մասին հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանի արտասանած հետևյալ նախադասությանը. «Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:
Բոլորը հասկացան, որ այս ակնարկի իրական հասցեատերը կարող էր լինել միայն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախորդ երկու նախագահներից միայն նա է բարեհաջող սպառել Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման երկու ժամկետները: Բայց դա ոչ այնքան ակնարկ էր, որքան իշխանությանը վերադառնալու մտքից համատեղ հրաժարվելու անուղղակի առաջարկ, որն արվեց, թերևս, Քոչարյանի վերադարձի սպասումներով պայմանավորված ներիշխանական խմորումները, բաժանարար գծերի առաջացման միտումները չեզոքացնելու նպատակով: Չի կարելի բացառել, որ, վարչապետի պաշտոնում հենց Հովիկ Աբրահամյանին նշանակելով, Սերժ Սարգսյանը ցույց տվեց հանուն իշխանությունից իրենց երկուսի համատեղ հեռանալու, Քոչարյանին զիջման գնալու իր պատրաստակամությունը և վճռականությունը:
Հանրապետության երկրորդ նախագահն այս առաջարկին դեռ չի պատասխանել: Եթե նա որևէ ձևով դրան անձամբ չարձագանքի, կարող է տպավորություն ստեղծվել, որ Սերժ Սարգսյանը սխալ հաշվարկներ է կատարել և նման սկզբունքային զիջման գնալով` թուլացնում է իր դիրքերը ու մեծացնում` Հովիկ Աբրահամյանի գործոնն օգտագործելով իշխանության վերադառնալու` իր նախորդի շանսերը: Թվում է, թե դրա մասին կարող է խոսել նաև այն հանգամանքը, որ Քոչարյանի քաղաքական ցատկահարթակը համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվեց մտնել իշխանական կոալիցիա:
Սակայն իրավիճակին ավելի խորքային ու համակողմանի մոտենալու պարագայում պարզ է դառնում, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ ու պարզ չէ, որքան թվում է առաջին հայացքից: Խնդիրն այն է, որ սա իրականում զուտ քաղաքական առաջարկ չէր, այլ, ըստ էության, երկրորդ նախագահին առաջադրվող ուլտիմատում, որի էությունը հետևյալն է` կա'մ, ինչպես ինքը, Քոչարյանը ևս հրաժարվում է իշխանությունը վերադարձնելու և նախագահ դառնալու հավակնություններից, ու միասին սկսում են ուժեղացնել Հովիկ Աբրահամյանի դիրքերը` իբրև իշխանության ժառանգորդի, կա'մ երկու անգամից ավելի երկրի ղեկավարի պաշտոն զբաղեցնելու արգելքը դառնում է սահմանադրական բարեփոխումների մաս և, հանրաքվեի միջոցով ընդունվելով, դառնում կոնկրետ սահմանադրական նորմ: Իսկ որ նախագահը կարող հասնել Սահմանադրության մեջ այդ լրացումը կատարելուն, որևէ մեկը չի կասկածում:
Ի դեպ, դրա նախանշաններն արդեն զգալի են: Սահմանադրական բարեփոխումներին վերաբերող վերոնշյալ խորհրդակցությունից 5 օր անց «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին հյուրընկալված` ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հենց այդ մտքին, ասաց հետևյալը. «Հանրապետության նախագահն ուղիղ մեսիջ հղեց նախկինում պետության ղեկին գտնված մարդկանց` միասին պայմանավորվելու, որ երրորդ անգամ իրենցից ոչ ոք չի հավակնելու պետության ղեկին: Նա փաստացի առաջադրեց խաղի նոր կանոններ: Ես վստահ եմ և կարծում եմ, որ դա պետք է տեղ գտնի Սահմանադրության մեջ»:
Այս մոտեցումը սահմանադրական նորմ դարձնելու հարցում Ղազինյանի վստահությանը գուցե լուրջ նշանակություն չտայինք, եթե չլիներ մի էական հանգամանք: Արթուր Ղազինյանը ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկանն է, բայց որ շատ ավելի էական է` Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը մշակող հանձնաժողովի անդամ Գագիկ Ղազինյանի որդին: Պարզ է, որ նա չէր կարող նման պատասխանատու հայտարարություն անել և նման վստահություն հայտնել, եթե հանձնաժողովում առնվազն նման նորմ ամրագրելու նախնական որոշման կամ, համենայն դեպս, տրամադրվածության առկայության մասին տեղյակ չլիներ: Այսինքն` ստացվում է, որ Քոչարյանն իրականում ընտրության հնարավորություն չունի, քանի որ Սերժ Սարգսյանի առաջարկած տարբերակներից որն էլ ընտրի, արդյունքը լինելու է իշխանության վրադառնալու հնարավորությունների ու մեխանիզմների չեզոքացումը: Խնդիրն ընդամենը այն է` դա տեղի կունենա քաղաքական պայմանավորվածությունների՞ արդյունքում, թե՞ սահմանադրական փոփոխությունների, այսինքն` նախագահի իմպերատիվ որոշման:
Այս իրողությունները կարող են պատասխանել նաև շատերին մտահոգող այն հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն հանկարծ կտրուկ դեմ արտահայտվեց Հայաստանում Սահմանադրական փոփոխություններ կատարելուն` հայտարարելով, թե այս փուլում երկրում առաջնայինը ոչ թե սահմանադրական, այլ տնտեսական բարեփոխումների իրականացումն է: Մինչդեռ կուսակցությունը, կարծես, որևէ առարկություն չէր ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու` նախագահի նախաձեռնությանը, ավելին` դեռ ոչ վաղ անցյալում պարզապես օրվա հրամայական էր համարում պառլամենտական կառավարման համակարգի անցնելը, որը ոչ այլ ինչ է, քան Սահմանադրությունը փոխելու կոնկրետ առաջարկ: Իրականում չի բացառվում, որ ԲՀԿ-ի «դիմադրության» բուն պատճառը թաքնված է հենց Սերժ Սարգսյանի առաջադրած այս ուլտիմատումի տակ, և ԲՀԿ-ն դրանով փորձում է կանխել հատկապես երկրորդ նախագահի համար անցանկալի զարգացումները:
Բայց, անկախ հարցի քաղաքական ենթատեքստից ու նշանակությունից, երկու անգամից ավելի պետության գլուխ լինելու արգելքի գաղափարն առնվազն լուրջ ուշադրության կարիք ունի: Այն կարող է դիտարկվել քաղաքական համակարգն, այսպես կոչված, նախկինների ուրվականների ազդեցությունից ձերբազատելու ամենագործուն միջոց: Հայաստանի քաղաքական դաշտը պարզապես խեղդվում է նախագահների ստեղծած եռանկյունու կախարդական փակ շղթայի ճիրաններում` քաղաքականությունը դարձնելով նրանց ներքին հարաբերությունների պարզման, ներքին խարդավանքների, ինտրիգների հյուսման լաբիրինթոսի, որտեղ, դեռ չծնված, շարունակաբար զոհվում են քաղաքական գաղափարախոսությունները, պոտենցիալ նոր լիդերները, բոլոր առողջ քաղաքական նախաձեռնությունները:
Գևորգ Դարբինյան