Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քրդստանի ընկերակցությունների միության գործադիր խորհրդի նախագահ Մուրատ Քարայըլանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է քուրդ գրոհայինների` Թուրքիան լքելու ժամկետներին ու պայմաններին. տեղեկացնում է Regnum-ը:
Ըստ նրա` ՔԲԿ-ի ուժերի դուրսբերումը կսկսվի մայիսի 8-ից, գործընթացը կդադարեցվի, եթե թուրքական ռազմական գործողություններ կամ հարձակումներ լինեն: Քարայըլանը նաեւ թվարկել է 6 պայման, որոնց անհրաժեշտ է հետեւել գործընթացը չդադարեցնելու համար:
1. Պարտիզանական ուժերը պետք է դուրս գան այն երթուղիներով, որոնք կիրառել են մինչ օրս: Գործընթացը պետք է անցկացվի կազմակերպված, առանց բախումների:
2. Գործընթացը կսկսվի մայիսի 8-ին, կիրականացվի փուլ առ փուլ եւ կավարտվի հնարավորինս արագ:
3. Թուրքիայից դուրս գալուց հետո ՔԲԿ-ն տեղակայվելու է Հարավային` իրաքյան Քրդստանում: ՔԲԿ-ն սպասում է, որ համապատասխան իշխանությունները, մասնավորապես` իրաքյան Քրդստանի կառավարությունը, ուշադրություն կդարձնի իր տարածքում պարտիզանական ուժերի ներկայությանը:
4. Թուրքական զինված ուժերի համար պարտադիր է գործընթացին պատասխանատու եւ լուրջ մոտեցումը, որպեսզի այն չընդհատվի ցանկացած հարձակման, գործողության եւ ռմբակոծման հետեւանքով, որոնց պարտիզանները կպատասխանեն անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում:
5. Թուրքական պետության ուժերը պետք է խուսափեն սադրանքներից, որոնք կարող են հանգեցնել ռազմական ակտիվության կամ բախումների Քրդստանում:
6. Անկախ պատվիրակությունների մոնիտորինգն ու երկու կողմի սխալների բացահայտումը նույնպես կարող են նպաստել գործողության հաջողությանը:
Քարայըլանն ընդգծել է, որ կարգավորման ժողովրդավարական գործընթացը երեք փուլ է ներառում: Առաջինը, ըստ նրա, հրադադարի` արդեն սկսված գործընթացն է եւ ՔԲԿ զինյալների դուրսբերումը: Երկրորդ փուլում քայլեր պետք է անի պետությունը, մասնավորապես` Թուրքիայի Սահմանադրության մեջ հարկ է փոփոխություններ անել: Երրորդ փուլը բնականոնացման գործընթացն է, որը ենթադրում է կայունություն, սոցիալական հաշտեցում, հավասարություն եւ ազատություն: Գրոհայինների զինաթափումը օրակարգում կլինի այդ գործընթացի իրագործումից հետո, ընդ որում` պետք է ազատ արձակվեն բոլոր բանտարկյալները, այդ թվում` առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: