|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ հանրապետության նախագահի հրավիրած հայտնի խորհրդակցությանը, որը տեղի էր ունեցել կառավարությունում եւ նվիրված էր պետական բյուջեի միջոցների ոչ արդյունավետ ծախսմանը:
Վարչապետն ասաց, որ այդ խորհրդակցությունից հետո բավականին մեծ ծավալի աշխատանք է կատարել, ընդունվել են բազմաթիվ որոշումներ, տրվել են հանձնարարականներ, գերատեսչությունների աշխատակիցներն անցել են վերապատրաստում:
«Եկել է պատասխան տալու ժամանակը, եւ այսուհետեւ մենք լինելու ենք չափազանց խիստ ցանկացած խախտման վերաբերյալ»,- նշեց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ ֆինանսների նախարարությունը իրականացրել է դիտարկումներ, թե ինչ իրավիճակ է ստեղծվել այսօր: Վարչապետը հայտնեց կառավարության անդամներին, որ այդ բոլոր դիտարկումները տրամադրվելու են նրանց`ուսումնասիրման:
Նա հանձնարարեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին այսուհետեւ վերահսկողության ծառայության կողմից իրականացված բոլոր բացահայտումների ակտերն անհապաղ ուղարկել իրավապահ մարմիններին, միեւնույն ժամանակ, պարբերաբար` տարեկան ծրագրին համահունչ, յուրաքանչյուր հերթական ստուգումն ավարտվելուց անմիջապես հետո ակտերը կազմել ու արդյունքները ներկայացնել հանրությանը:
«Կառավարության հաջորդ նիստերից մեկում կանդրադառնանք դիտարկումների արդյունքներին` ըստ գերատեսչությունների, եւ կտեսնենք` որտեղ ինչ իրավիճակ է ստեղծվել, որտեղ ինչ բարելավումներ կան, իսկ որտեղ է իրավիճակը դեռեւս վատ վիճակում մնում»,- ասաց Տիգրան Սարգսյանը: