Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրում եմ ակտիվ մշակութային կյանքով, որին զուգահեռ ամբողջ տարին մշակում և խնամում եմ ծիրանի երկու հեկտար այգի: Դրանից ստացված եկամուտը գլխավորապես ներդնում եմ կրթական ծրագրերի իրականացման մեջ, հիմնել եմ «Լիտոպեդիա» բանասիրության հանրագիտարանը, «Կողմնացույց» պատանեկան գրականության մատենաշարը և այլն:
Սակայն այն կամայականությունները, որոնք տիրում են գյուղատնտեսության ոլորտում, փակուղու առաջ են կանգնեցում գյուղացուն և թողնում օրավուր հացի խնդրի առաջ: Հուլիսի երկուսին իմ աճեցրած բերքից ավելի քան երկու տոննա տարել էի` հանձնելու «Արալեզ-ալկո» գինու-կոնյակի գործարան: Սակայն իմ բերքը չընդունեցին զուտ այն պատճառով, որ փորձեցի հերթ պահպանել: Իմ հերթից առաջ մի քանի ավտոմեքենաներ արդեն բեռնաթափվել էին: Երբ փորձեցի միջամտել, կոմբինատի աշխատողներն ասացին, որ բեռնաթափողներն իրենց մոտիկներն են և իրենց չի հետաքրքրում, թե քանի ժամ կսպասեմ: Երբ այդ վերաբերմունքից վիրավորվածությունս արտահայտեցին, ասացին, որ իմ ապրանքը չեն ընդունի, ինչ ուզում եմ անեմ:
Զանգահարեցի ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Փոխնախարար Մակարյանը իբր փորձեց արձագանքել ու հարցին լուծում տալ: Սակայն մեկ ժամ հետո զանգահարեց և ասաց, որ իմ ապրանքը անորակ է եղել, որի պատճառով չեն ընդունել, այնինչ նույն ծիրանից արդեն մթերել էի նույն գործարանում: Ես փոխնախարարին խնդրեցի, որ իմ բերքը ենթարկեն լաբորատոր քննության, սակայն նա խուսափեց այս առաջարկից: Նշեմ նաև, որ գործարանում լաբորատորիա ևս գոյություն չունի, և բերքի որակը որոշվում է կամայականորեն՝ իրենց աշխատողների խոսքով՝ մատերից հոտ քաշելով:
Նման ցինիզմը, ցինիզմի անպատժելիությունը խորացնում է երկրում հարաճող հուսահատությունն ու հիասթափությունը, և ուզում ես հասկանալ, թե մարդկային ինչ խիղճ է հարկավոր, որպեսզի գյուղացու տարիների չարչարանքը լկտիաբար ջուրը գցվի: Բերքը բեռնատարում փչանում է: Ո՞վ է պատասխան տալու: Երևի ոչ ոք:
Աշոտ Գաբրիելյան