Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ ներառված հարցերի գերակշիռ մասը վերաբերում էր շինարարության ոլորտին, մինչդեռ ՎՊ հաշվետվությունում նշված էր «քաղաքաշինության ոլորտ». այսօր, վարչապետի հանձնարարականով հանդես գալով ՎՊ հաշվետվության հետ կապված պարզաբանմամբ, նշեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:
Ըստ նրա` ՎՊ արձանագրած բացթողումները եւ խախտումները, այո’, վերաբերում են պետական միջոցներով շինարարական աշխատանքներին` ընդհանրապես, այլ ոչ թե քաղաքաշինության նախարարությանը: Նախարարը նշեց, որ 2012 թվականին ՎՊ-ի կողմից քաղաքաշինության նախարարությունում ընդհանրապես ստուգումներ չեն իրականացվել:
«Սա, իհարկե, մեզ չի ազատում պատասխանատվությունից: Ավելին` որպես քաղաքաշինության ոլորտի քաղաքականության պատասխանատու, նախարարությունը շուրջ մեկ տարի իր տեսադաշտում է պահում ոլորտի հիմնախնդիրները, որոնք պահանջում են տեւական լուծումներ: Քաղաքաշինական նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների շրջանակներում մի շարք ծրագրեր ու միջոցառումներ են անցկացվել, եւ այդ ուղղությամբ նախնական արդյունքներն արդեն ակնհայտ են»,- ասաց Թադեւոսյանը:
Նա օրինակ բերեց, որ քաղաքաշինության նախարարությանը պետբյուջեի միջոցներից հատկացված շինարարական աշխատանքների համար նախատեսված 6.5 միլիարդ դրամից հաջողվել է տնտեսել շուրջ 1 միլիարդ դրամ, որը կազմում է հատկացման ամբողջ ծավալի շուրջ 15 տոկոսը: Շինարարության ոլորտում, նշեց Սամվել Թադեւոսյանը, ցավոք, խախտումներ ու բացթողումներ կան, բայց ՎՊ-ն նախ պետք է հստակեցներ, թե շինարարության ընդհանուր ծավալում քանի տոկոսն են կազմում խախտումները:
«Թեեւ չեմ կասկածում ՎՊ-ի պրոֆեսիոնալ կարողություններին, բայց կարծում եմ, որ հաշվետվությունում խորքային վերլուծություններ ու եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումների նախապայմանների մասին, խախտումներ ծնող հանգամանքների մասին»,- ասաց քաղաքաշինության նախարարը եւ հավելեց, որ նախարարությունն իր կողմից ուսումնասիրություններ է իրականացրել, եւ ի հայտ է եկել, թե խախտումները որտեղից են առաջանում:
Նա նշեց, որ խախտումները հիմնականում առաջանում են լիցենզավորված կազմակերպությունների կողմից աշխատանքները ոչ պատշաճ կատարելու պատճառով: Նախարարը ներկայացրեց, որ իրենց ստուգումների արդյունքում մոտ 550 լիցենզավորված կազմակերպության գործունեություն է կասեցվել, եւ վարչական պատասխանատվության արդյունքում շուրջ 53 միլիոն գումար է վերականգնվել պետական բյուջե:
Նախարարը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին, թե ինչու ՎՊ հաշվետվության մեջ այդքան շատ է շեշտվում հենց քաղաքաշինության նախարարության անունը` նշելով, թե չի կարող ասել` ինչու է այդ հարցն այդպես ուղղորդվել: Սամվել Թադեւոսյանը անդրադարձավ նաեւ լիցենզավորվող կազմակերպություններին տրվող լիցենզիաներին, խնայողության հնարավորությանը, ատկատներին եւ այլնի: