կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-19 20:47
Քաղաքական

Սերժ Սարգսյանի կողմից քաղաքաշինության պետական կոմիտեին տրվել են մի շարք հանձնարարականներ

Սերժ Սարգսյանի կողմից քաղաքաշինության պետական կոմիտեին տրվել են մի շարք հանձնարարականներ

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների, նախորդ հանդիպմանը Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի, 2018 թվականին կոմիտեի նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին:

Կոմիտեի նախագահը ներկայացրել է քաղաքաշինության բնագավառում օրենսդրության կատարելագործման, ճարտարապետական գործունեության կանոնակարգման, տարածական պլանավորման և նորմատիվ փաստաթղթերի մշակման ու արդիականացման, շենք-շինությունների սեյսմիկ ռիսկի նվազեցման և սեյսմակայունության բարձրացման ռազմավարության, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույցների խնդրի կանոնակարգման ուղղությամբ արված աշխատանքները, կոմիտեի կողմից համակարգվող կառուցապատման ներդրումային ծրագրերը, պետբյուջեի միջոցներով իրականացված շինարարական ծրագրերը և հաշվետու ժամանակահատվածում կոմիտեի գործառույթների շրջանակներում իրականացված այլ աշխատանքներ:

Նարեկ Սարգսյանը զեկուցել է, որ ի կատարումն Նախագահի հետ նախորդ աշխատանքային հանդիպման ընթացքում տրված հանձնարարականի՝ քաղաքաշինության ոլորտում թույլտվությունների տրամադրման գործընթացը կանոնակարգելու և դյուրացնելու նպատակով մշակվել է գործող ընթացակարգի փոփոխության առաջարկ, որը նախատեսում է գործառույթների զգալի մասն իրականացնել էլեկտրոնային առցանց եղանակով՝ www.e-permits.am միասնական համակարգի միջոցով:

Կոմիտեի հիմնական գործառույթ հանդիսացող տարածական պլանավորման ուղղությամբ ներկայացվել է, որ 2017-2021թթ. հանրապետության բոլոր համայնքները գլխավոր հատակագծերով ապահովելու նպատակով իրականացվում է միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման ծրագիրը: Որպես օրինակ ներկայացվել են 2017 թվականին կոմիտեի պատվիրատվությամբ մշակված Տավուշի մարզի 55 համայնքների տարածքները ներառող թվով 6 համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերը: Կոմիտեի նախագահի հավաստմամբ՝ 2018 թվականին նախատեսվում է իրականացնել նմանօրինակ համալիր ծրագիր Սյունիքի և Արարատի մարզերում՝ ընդհանուր առմամբ 233 բնակավայրերի համար:


«Սևան» ազգային պարկի տարածքի զարգացմանն ուղղված միջոցառումների համատեքստում Նարեկ Սարգսյանը մանրամասնել է մշակված առաջարկությունները, ըստ այդմ, նախատեսվում է Լճաշեն-Սևան հատվածում կառուցել ծովափնյա հետիոտն ճանապարհ՝ հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացումը խրախուսելու նպատակով իրականացնելով տարածքի մանրամասն գոտևորում՝ առանձնացնելով լողափի, հանգստի և սպասարկման այլ օբյեկտների համար գրավիչ տարածքներ: Նախագծային առաջարկությունները, ըստ կոմիտեի նախագահի, մշակման ընթացքում են:

Զեկուցվել է, որ 2017թ. ընթացքում շարունակվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը:

Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման շրջանակում Նարեկ Սարգսյանը ներկայացրել է քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից 2017թ. իրականացված կառուցապատման ներդրումային ծրագրերը, ինչպես նաև՝ Երևանում և մարզերում 2018թ. իրականացվելիք խոշոր ներդրումային ծրագրերը:
Զեկույցի համաձայն՝ կոմիտեի համակարգմամբ պետական և մասնավոր վարկային միջոցների հաշվին իրականացվել են թվով 54 կառուցապատման ներդրումային ծրագրեր, որոնցից 19-ը՝ պետական, 35-ը` մասնավոր: Ներդրումային ծրագրերով նախատեսված կառույցների շինաշխատանքները, Նարեկ Սարգսյանի հավաստմամբ, գտնվում են ավարտական փուլում:

2018 թվականին կոմիտեի համակարգմամբ նախատեսվում է շարունակել և ավարտին հասցնել թվով 7 ներդրումային ծրագիր, ինչպես նաև՝ համակարգել ավելի քան 24 կառուցապատման նոր ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացը:

ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կոմիտեի պատվիրատվությամբ նախատեսվել և իրականացվել են՝ կրթական, մարզական, մշակութային, առողջապահական, բնակարանաշինության և վարչական 32 օբյեկտների շինաշխատանքներ, այդ թվում՝ 2017 թվականի ընթացքում ամբողջապես ավարտվել և շահագործման են հանձնվել՝ Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնը, Գեղարքունիքի մարզի Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը: Ավարտական փուլում են գտնվում Երևանի Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի և Երևանի պետական կամերային թատրոնի շինարարական աշխատանքները, Լոռու մարզի Վանաձորի բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցին կից օժանդակ մասնաշենքի կառուցման աշխատանքները, թվով 24 նախադպրոցական և դպրոցական, մարզական, մշակութային ու վարչական հաստատությունների նախագծահետազոտական աշխատանքները:

Կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում իրականացվող կառուցապատման ներդրումային ծրագրերը. Ջերմուկում՝ քաղաքի զարգացման ծրագրի շրջանակում թերմալ ջրերի փակ և բացօթյա լողավազանով հյուրանոցային համալիրի կառուցումը, բնակելի թաղամասերի և քաղաքի բարեկարգմանն ուղղված մի շարք ներդրումային ծրագրեր, Վանաձորում` լեռնադահուկային կենտրոնի և հանգստի գոտու կառուցման ծրագիրը, Ծաղկաձորի զարգացման և բարեկարգման ծրագրի շրջանակում քաղաքի տրանսպորտային և ինժեներական ենթակառույցների համակարգի վերականգնման և կառուցման, շենքերի ճակատային հատվածների բարելավման, գիշերային լուսավորության համակարգի տեղադրման ծրագրերը և այլն:

Հանրապետության Նախագահի կողմից քաղաքաշինության պետական կոմիտեին տրվել են մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ շարունակել հետևողական աշխատանքը կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը դյուրինացնելու և գործարարությամբ զբաղվելու (Doing Business) ցուցիչով արձանագրվող համեմատական առավելություններ ամրագրելու ուղղությամբ: Հանձնարարվել է նաև քննարկել մարզային քաղաքների և առանձին գյուղական համայնքների զարգացման առաջիկա խոշորածավալ ծրագրերը՝ սահմանվող առաջնահերթությունները դիտարկելով կայուն զբոսաշրջային արդյունքի ապահովման և դրա հետ շաղկապված՝ նպաստավոր քաղաքաշինական միջավայրի ձևավորման ու անհրաժեշտ կարգավորումների սահմանման տեսանկյունից, մշտական ուշադրության ներքո պահել քաղաքաշինական հատուկ կարգավորման բնակավայրերում իրականացվող քաղաքային զարգացման ծրագրերը, այդ թվում՝ Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում, Դիլիջանում և Ծաղկաձորում: