կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-28 12:28
Հասարակություն

Հայաստանը նորագույն ռազմական տեխնիկա ձեռք կբերի

Հայաստանը նորագույն ռազմական տեխնիկա ձեռք կբերի

Երեւանի «Էրեբունի» օդանավակայանում այսօր տեղի ունեցան ՀՀ ԶՈւ ավիացիայի, ՀՕՊ զորքերի եւ ՌԷՊ ստորաբաժանանումների զինատեսակների ցուցադրություն  եւ ցուցադրական թռիչքներ` նվիրված զորատեսակների կազմավորման 21-րդ տարեդարձին:

 

Միջոցառման վերջում պատասխանելով լրագրողների հարցերին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, որ ռազմաօդային ուժերը կարեւորագույն դերակատարություն ունեն երկրի անվտանգության ապահովման գործում եւ ամեն պահի պատրաստ են իրագործել մարտական առաջադրանք՝ արժանի հարված հասցնելով հակառակորդին:

 

Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաեւ հակառակորդի կողմից նոր սպաեռազինությունների ձեռքբերմանը եւ նշեց, որ մեր հնարավորությունները փոքր են, ուստի պետք է առաջնահերթությունը տանք մեր մտքի ճկունությանը եւ հնարամտությանը, որպեսզի կարողանանք հասնել առավելագույն  արդյունքի:

 

Սեյրան Օհանյանի խոսքերով` հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հնարավորություններն օգտագործելով, մենք պետք է արդիականացնենք զինված ուժերը սպառազինության նորագույն տեսակներով:

 

Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ ռուսական կողմի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ ինչպես նոր սպառազինությունների ձեռքբերման, այնպես էլ ռազմաարդյունաբերական համատեղ ձեռնարկություններ հիմնելու վերաբերյալ:

 

Զինված ուժերի ղեկավարը կարեւոր պայման համարեց նաեւ հատկապես մարտական հերթապահությունում գտնվող զինվորի զգոնությունը. «Առհասարակ, զինվորի մարտական պատրաստականությունն է, որ այսօր պահպանում է ուժերի հավասարակշռությունը: Ինչպես պատերազմի ժամանակ է զինվորը հանձնել քննություն, ամեն վայրկյան, ամեն րոպե նա այդ քննությունը հանձնում է դեմ առ դեմ՝ ապացուցելով մեր զինվորի՝ հասարակ զինվորի հզորությունը»: