կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-27 13:14
Մշակույթ

Կարեւոր ձեռքբերումներ` Մատենադարանի համար

Կարեւոր ձեռքբերումներ` Մատենադարանի համար

Հունիսի 20-22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի /ՄՀԽ/ հերթական՝ XXVIII նիստը, որը վարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

Թատերագետ, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման եւ թվայնացման բաժնի ղեկավար Արա Խզմալյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ նիստում քննարկվում է մի շատ կարեւոր նախագիծ` Մատենադարանին բազային հաստատության կարգավիճակ շնորհելու հարցը. այդ առաջարկով 2012-ին հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարարությունը:

 

2012-ին Մատենադարանին ՄՀԽ-ի աշխատանքային խմբի կողմից տրվեց բազային հաստատության կարգավիճակ, իսկ այս տարի, ինչպես տեղեկացրեց Խզմալյանը, ԱՊՀ երկրների մշակույթի նախարարների մակարդակով հաստատվեց այդ կարգավիճակը:

 

«Մեր առաջարկը պարբերաբար տարբեր հաստատություններում պետք է հաստատվի, եւ հաջորդ փուլում Մատենադարանի` բազային կարգավիճակ ունենալու փաստը պետք է ԱՊՀ երկրների կառավարությունները հաստատեն, որից հետո արդեն` տվյալ երկրների նախագահները: Ես նիստին հանդես էի գալիս որպես համազեկուցող, եւ զեկույցս վերաբերում էր հարցին, թե, որպես բազային կազմակերպություն, ի՞նչ մարտավարություն պետք է մշակենք»,- ասաց Խզմալյանը:

 

Նա նշեց նաեւ, որ լինել բազային հաստատություն նշանակում է պրոֆեսիոնալ ուժերի կենտրոնացում, պայմանների ստեղծում, որ տարբեր երկրների պրոֆեսիոնալները  կարողանան պարբերաբար հանդիպել, ապահովել կենդանի շփում համապատասխան մասնագետների հետ, գիտելիքներ, փորձ փոխանակել:

 

Ըստ նրա` շատ կարեւոր մաս է կազմում Մատենադարանի` որպես բազային հաստատության, հրատարակչական գործունեության կազմակերպումը, ինչը ենթադրում է, որ մշակութային ժառանգության պահպանման գծով պետք է մշակվեն մեթոդական ձեռնարկներ, բառարաններ, վերականգնման պատմության ձեռնարկ:

 

«Ես հիացած եմ այն հմտությամբ, այն պրոֆեսիոնալիզմով, թե ինչպես մեր մշակույթի նախարարը վարեց այս խորհրդի հերթական նիստը: Նույնիսկ առաջարկ եղավ նրա նախագահության ժամկետը երկարացնել: Մեր նախարարը ԱՊՀ իր գործընկերների միջավայրում լուրջ հեղինակություն է վայելում»,- հավաստիացնում է Խզմալյանը:

 

Նա տեղեկացրեց նաեւ, որ նիստի ընթացքում քննարկվել է նաեւ այն հարցը, որ այս տարի «Արտ էքսպոն» պետք է անցկացվի Գյումրիում` «Գյումրին ` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակներում: «Արտ Էքսպո» ՀԿ ներկայացուցիչ Հայկուհի Թաքսիլդարյանի` ցուցահանդեսային կազմակերպման վերաբերյալ համապատասխան զեկույցից հետո որոշվել է, որ ցուցահանդեսը կարելի է դարձնել շրջիկ եւ ամեն տարի այն կազմակերպել որեւէ քաղաքում:

 

Խզմալյանը կարծում է, որ մշակութային համագործակցության առումով մեր մշակութային ռազմավարությունը շատ հաջող է ընթանում եւ մեր մշակութային համագործակցության սահմանները չափազանց ընդլայնված են:

 

Խզմալյանը նշեց նաեւ, որ 2012-ի դեկտեմբերին Մատենադարանի պատվիրակությունը մեկնել են Պետերբուրգի պետական համալսարան` մասնակցելու «Թանգարանային գործ եւ հուշարձանների պահպանության ամբիոնում» կայանալիք գիտաժողովին, որի «պտուղներն այսօր են հավաքում»:

 

«Ամենակարեւոր հանգամանքներից մեկը եղավ այն, որ մենք հանդիպեցինք Միխայիլ Բորիսովիչ Պիատրովսկուն` Էրմիտաժի տնօրենին, եւ փոխադարձ համաձայնագիր ստորագրեցինք, ըստ որի` կլինեն համատեղ հրատարակություններ, փորձի փոխանակում: Հավանականություն կա, որ մեր կազմակերպած «Հիշողության կերպարանքները» սեմինարի շրջանակներում Պետերբուրգի պետական համալսարանը կկազմակերպի կլոր սեղան` «Հիշողության եզրագծերը» թեմայով»,- ասաց Խզմալյանը` հավելելով, որ այս տարի աշնանը կայանալիք «Հիշողության կերպարանքները» սեմինարի ընթացքում Հայաստան կժամանի նաեւ Միխայիլ Պիատրովսկին:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ