Փոխարժեքներ
13 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Հայաստանի Հանրապետական կուսակցության կայքում, որպես Երեւանի Դավիթաշեն եւ Նորք-Մարաշ համայնքների տարածքային գրասենյակների հասցե ու հեռախոսահամար, ներկայացված են թաղապետարանների կոնտակտները։ Տվյալ վարչական շրջանների ղեկավարների ընդունարանների հեռախոսահամարները նաեւ կուսակցական գործին են ծառայում: Այդ հեռախոսներից զանգերը կատարվում են, բնականաբար, բյուջեի հաշվին, կուսակցական գործերով հանդիպում-ընդունելությունները՝ այդ գրասենյակներում: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական ռեսուրսի օգտագործում կուսակցության օգտին:
«Հայկական ժամանակ»-ի հարցերին ի պատասխան` վարչական շրջանի` մի դեպքում ղեկավարը, մյուս դեպքում՝ ղեկավարի տեղակալը դա համարել են շփոթմունք: Ինչ ուզում են, թող համարեն, դրանից գուցե գրասենյակի տեղը փոխվի, բայց էությունը՝ ոչ: Սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ մեր երկրում իշխող կուսակցությունն ու պետությունը նույնացել են: Նախ` բիզնեսը մուտք գործեց կառավարություն, ապա հասավ մինչեւ վերին օղակներ, այնուհետեւ կուսակցականացված բիզնեսը սերտաճեց իշխանությանը, ապա իշխանությունը դարձավ իշխող կուսակցության մենաշնորհը, ու հիմա էլ նույն իշխանությունը արդեն իշխանությունն ու իշխող կուսակցությունն է փորձում նույնացնել պետության հետ:
Այլեւս տարօրինակ չէ, երբ հասարակության աչքում որեւէ պետական հիմնարկ արդեն ընկալվում է որպես ՀՀԿ գրասենյակ: Ամենուր՝ փոստի, թաղապետարանի, դպրոցի, մանկապարտեզի, խանութի ու ամեն ինչի շրջակայքը հագեցած է ՀՀԿ գրասենյակներով, իսկ նախընտրական շրջանում նաեւ այդ հաստատություններն են ծառայում որպես ՀՀԿ շտաբ-գրասենյակ: Ավելին` այդ հիմնարկների աշխատողները հիմնականում կրծքանշանակիր կուսակցականներ են, եւ եթե անգամ որեւէ պետական հիմնարկ իր աշխատասենյակներում չունի ՀՀԿ դրոշ, միեւնույն է` համատարած կուսակցականացված այդ հաստատությունները դառնում են կուսակցության գրասենյակներ: Նախարարությունները, գերատեսչություններն արդեն ավելորդ է կոչել ի պաշտոնե, այլ, ասենք, մշակույթի ՀՀԿ, էներգետիկայի ՀՀԿ, ֆինանսական ՀՀԿ, ԲՈՒՀ-ական ՀՀԿ, դպրոցական ՀՀԿ, ՀՀԿ... ՀՀԿ...
Ամենավատն էլ հենց սա է, որ ոչ վաղ անցյալի օրինակով պետությունը նույնացվել է կուսակցության հետ: Այսինքն` «Կուսակցությունը մեր ժամանակների միտքն է, պատիվը եւ խիղճը»: Իսկ մենք լավ ենք հիշում, թե ինչ եղավ այդ կարգախոսի հետ: Այն վերակենդանացնելը, հատկապես` Հայաստանում, բոլորովին տեղին չէ, ոչ էլ՝ հեռանկարային: Պետության հետ է նույնացել նաեւ իշխանությունը, ինչը ոչ պակաս աղետաբեր է: Շատ հաճախ, երբ խորհրդարանում ընդդիմությունը քննադատում է կառավարության գործելաոճը եւ օգտագործում կտրուկ բառապաշար, կոալիցիոն մեծամասնությունը վիրավորված ու նեղսրտած ասում է՝ պետությանը մի վիրավորեք: Չէ՛, տղե՛րք, դուք պետություն չեք, այլ պետության անունը գցող կուսակցական բրիգադ, որը շատ արագ կանցնի-կգնա: Միայն թե աշխատեք, որ մինչեւ գնալը պետությանը շատ վնաս չտաք:
Ահարոն Համբարձումյան