կարևոր
2209 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-12 09:06
Քաղաքական

Ճգնաժամ՝ Փաշինյանի խոստացած ապագայի շուրջ․ հարցումների թվերը հիասթափեցնող են. «Ժողովուրդ»

Ճգնաժամ՝ Փաշինյանի խոստացած ապագայի շուրջ․ հարցումների թվերը հիասթափեցնող են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ ուրբաթ օրը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվիրակությանը։ Ինչպես հայտնում են «Ժողովուրդ» օրաթերթի վստահելի աղբյուրները ՀՀ Կառավարությունից, IRI-ի ներկայացուցիչները վարչապետին են ներկայացրել իրենց կողմից անցկացված վերջին սոցիոլոգիական հարցման արդյունքները։

Նկատենք, որ հարցումների արդյունքները սովորաբար ներկայացվում են դռնփակ ձևաչափով՝ իշխանություններին և խորհրդարանական ուժերին:

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ այս անգամ Փաշինյանի համար արդյունքները տհաճ անակնկալ են եղել. նրա վարկանիշը զգալի անկում է ապրել՝ նախորդ հարցումներից հետո գրանցելով իր ամենացածր ցուցանիշները։

Խոսքը ոչ այնքան այլ քաղաքական ուժերի վարկանիշի աճի, որքան հասարակական հիասթափության խորացման մասին է։ Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հատկապես մտահոգիչ է երիտասարդության շրջանում արձանագրված պատկերը․ 70-75 տոկոսը մերժում կամ անտարբերություն է ցուցաբերում քաղաքական գործընթացների նկատմամբ։ Նրանք չեն վստահում ոչ մի քաղաքական ուժի, չեն հավատում խոստումներին և չեն պատկերացնում իրենց ապագան Փաշինյանի իշխանության օրերին. չեն պատրաստվում մասնակցել 2026 թվականին կայանալիք ընտրություններին:

Այս խորացող անտարբերությունն ու մարգինալացումը խոսում են համակարգային վստահության ճգնաժամի մասին»։