|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սույն թվականի ապրիլի 18-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժնի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիան մասնակցեց ԵՊՀ-ում կայացած «Հոգեբանական վերնիսաժ» էքսպո-25 գիտագործնական միջոցառմանը։
Հանրապետությունում գործող նյարդահոգելեզվաբանության միակ լաբորատորիան ներկայացրեց հեղինակային «Ենթագիտակցությունից լեզվագիտակցություն և հաղորդակցում. եռափուլ լաբիրինթոս» գիտափորձերի շարքը, որոնցով բացահատվում են տեղեկատվության ընկալման, այդ տեղեկատվության հիման վրա որոշարկված գիտելիքի ձևավորման, անվանման, լեզվագիտակցության առաջացման և հաղորդակցման գործընթացների մեխանիզմները:
Լաբորատորիայի ինտերակտիվ ցուցադրությունը բաղկացած էր վեց փուլից։
Յուրաքանչյուր փուլի մասնակցելիս մասնակիցը հոգեբանի և լեզվաբանի մեկնաբանության օգնությամբ բացահայտում էր սեփական ենթագիտակցությունը, լեզվական մտածողությունը և ոչ վերբալ արտահայտչամիջոցների բազմազան կողմերը:
Մասնակիցներին ներկայացվեց, թե ինչպես է բարդ մտային միավորը հավաքվում մասնավոր իմաստներից, ինչպես են ենթագիտացություն-գիտակցություն ներքին շերտերը նույնիսկ անհոդաբաշխ հնչյունները վերածում իմաստային համակարգի։
Մասնակիցները ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի նյարդահոգելեզվաբանության լաբորատորիայի կողմից ստացան հուշանվերներ, որոնք խորհրդանշում էին ներկայացված գիտափորձերին նրանց մասնակցությունը։