Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Հայաստանը ռուս-ադրբեջանական` զինտեխնիկայի հայտնի գործարքի կնքման պահին է տեղյակ եղել դրանից, և որ դա չի կարող խախտել ուժերի հավասարակշռությունը: Եթե ՊՆ մամուլի քարտուղարի այս մեկնաբանությունն ընդամենը հասարակությանը հանգստացնելու նպատակ չէր հետապնդում, ապա ստացվում է, որ Ռուսաստանը գործարքի մասին պայմանագիրն ստորագրելուց հետո այդ մասին բարեխղճորեն հայտնել է հայկական կողմին, որը նույնքան բարեխղճորեն հասարակությունից թաքցրել է այդ փաստը:
Պաշտոնական Երևանը, կարևորելով գործարքի արդյունքում ուժային բալանսը չխախտելու հանգամանքը, մեխանիկորեն և միտումնավոր անտեսում է ռազմավարական գործընկերոջ կողմից իր թշնամուն փաստացի զինելու շատ ավելի էական իրողությունը: Կամա, թե ակամա, դրանով Երևանը վավերացնում է բնույթով դավադրական այդ գործարքը: Դա կարող է երկու բան նշանակել` կա'մ Հայաստանի իշխանությունն իսկապես չի գիտակցում տեղի ունեցածի ռազմաքաղաքական ու հոգեբանական նշանակությունը, ինչը քիչ հավանական է, կա'մ ներուժ ու ցանկություն չունի հստակ դեմ արտահայտվելու ռազմավարական դաշնակցի այս անտրամաբանական կամ ավելի ճիշտ բացառապես «բազարային» տրամաբանության մեջ տեղավորվող քայլերին:
Գործարքը, ինչպես ռուսական աղբյուրներն են տեղեկացնում, կնքվել է 2011-12թթ: Դրանից հետո ընդամենը երկու դեպք է եղել, որոնք այս կամ այն չափով կարելի է բնորոշել որպես Հայաստանի կողմից ռուսական քաղաքականությանն անուղղակիորեն հակադրվելու դրսևորում: Առաջինը 2012թ. դեկտեմբերին էր, երբ, Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների գագաթաժողովին ելույթ ունենալով, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկը անդամ երկրների միջեւ փոխհարաբերությունների առաջնայնությունն է մյուս, անդամ չհանդիսացող երկրների հետ հարաբերությունների նկատմամբ և կազմակերպության անդամ երկրներին կոչ արեց չպաշտպանել այն նախաձեռնությունները, որոնք վնաս են հասցնում Հայաստանի շահերին: Որքանով կարող էր հայտարարությունը պայմանավորված լինել ռուս-ադրբեջանական այս գործարքով, դժվար է ասել: Փաստ է, սակայն, որ Սերժ Սարգսյանն իր այդ պահանջը հիմնավորելու համար օրինակ բերեց ՄԱԿ-ի տիեզերական տարածությունը խաղաղ նպատակներով օգտագործելու կոմիտեում Հայաստանի գործունեությանը խոչընդոտելու Ադրբեջանի քայլերին ՀԱՊԿ անդամ մի քանի երկրների կողմից աջակցություն ցուցաբերելը: Այսինքն` այդ պահանջը ուղղակիորեն որևէ կապ ռուս-ադրբեջանական գործարքի հետ չուներ: Թեև, մյուս կողմից, ուշագրավ է, որ արդեն 2013-ի հունվարին, այսինքն` ՀԱՊԿ այդ գագաթաժողովից գրեթե անմիջապես հետո, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնում է Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիր ստորագրելու` ՌԴ կառավարության առաջարկին, իսկ արդեն մարտին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրահանգում է սկսել այդ հարցի շուրջ բանակցությունները հայկական կողմի հետ: Թե հատկապես ինչ է ենթադրում այս պայմանագիրը, ռազմատեխնիկական համագործակցություն ասվածն իրենից ինչ է ներկայացնում, առայժմ ո'չ հայկական և ո'չ էլ ռուսական կողմերը չեն հրապարակում: Այն ավելի շատ փուչիկի է նման, քան կոնկրետ գործընթացի:
Դրանից անմիջապես հետո Կրեմլի ոչ պաշտոնական տեղեկատվական խողովակ հանդիսացող «Ռեգնում» գործակալությունը, հղում կատարելով ՌԴ զինված ուժերի անանուն աղբյուրների, տեղեկատվություն տարածեց այն մասին, որ սկսվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի` ծանր զինտեխնիկայով համալրման գործընթաց, որի շրջանակում Հայաստան են բերվել նաև «Իսկանդեր-Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային և «Տորնադո» համազարկային համակարգեր: Կարճ ժամանակ անց, սակայն, ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հերքեց այս տեղեկատվությունը: Սրանք կարելի է համարել որպես ռուսական կողմից Ադրբեջանին լուրջ սպառազինություն մատակարարելու` քաղաքական ու հատկապես հոգեբանական հետևանքները մեղմելու քարոզչական հնարանքներ`Հայաստանի հասարակության շրջանում նախընտրելի ընկալում ձևավորելու համար:
Երկրորդ դեպքն արդեն արձանագրվեց այս տարվա մայիսի վերջին, երբ Սերժ Սարգսյանը հրաժարվեց մասնակցել Բիշքեկում կայացած` ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Քանի դեռ հայտնի չէր ռուս-ադրբեջանական` այս ուղղակի խայտառակ գործարքի մասին, Հայաստանի նախագահի այդ դեմարշը պայմանավորվեց ռուսական գազի սակագնի բարձրացման, ինչպես նաև Մոսկվայի կողմից Հայաստանին Մաքսային միությանն անդամակցել դրդելու հակազդեցությամբ: Սակայն հիմա արդեն չի կարելի բացառել, որ Սերժ Սարգսյանի այդ քայլը պայմանավորված էր նաև այդ գործարքով: Բոլոր դեպքերում այս ամենը պարզորոշ ցույց է տալիս, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններն իսկապես վտանգված են:
Հունիսի 23-ին` կիրակի օրը, Հայաստան ժամանեց ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, որը նույն օրը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այդ հանդիպման մասին նախագահի աշխատակազմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ մի հետաքրքրական ձևակերպում կա. «ՀՀ նախագահը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը խոսել են նաև սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրերի շրջանակում նախատեսված` ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով անվտանգության մակարդակի էական բարձրացման, անցակետերի արդիականցման և վերազինման ուղղությամբ աշխատանքների ընթացքի մասին»: Հետաքրքրականն այստեղ «ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով» արտահայտությունն է: Ինչպես հայտնի է, առ այսօր ռուսական զինված ուժերի միջոցով վերահսկվում է միայն հայ-թուրքական սահմանը, որն իրականացվում է Գյումրու 102-րդ ռազմակայանի կոնտինգենտի միջոցով: Պատրուշևի այս այցը, ինչպես նաև նման ձևակերպումները վկայում են, որ փորձ է արվում ինչ-որ տարբերակներով կոմպենսացնել Հայաստանին հասցված` իսկապես նշանակալի ռազմաքաղաքական հարվածը: Պատրուշևին Հայաստան գործուղելով` Կրեմլը փորձում է ուղերձ հղել առ այն, որ շարունակում է պատասխանատվություն կրել նաև Հայաստանի անվտանգության համար` համաձայն 2010թ. Գյումրու ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարաձգման վերաբերյալ N5 արձանագրության:
Այդ հավաստիացումներն արդեն Հայաստանում ոչ ոքի այլևս համոզիչ չեն թվում, որովհետև այն պարագայում, երբ Մոսկվան իր ռազմավարական գործընկերոջն ընդամենը թղթե կամ վիրտուալ հավաստիացումներ է տալիս, վերջինիս հակառակորդին զինում է հարձակողական արդի տեխնիկայով: Եթե դա է Ռուսաստանի տված անվտանգության երաշխիքը, ապա Հայաստանը պետք է լրջորեն մտածի առնվազն երկու կոնկրետ քայլերի ուղղությամբ. առաջին` Գյումրու 102-րդ ռազմակայանի ֆինանսավորումը շարունակելու և երկրորդ` այդ ռազմակայանը հայ զինծառայողների միջոցով համալրելու` հետագա նպատակահարմարության հարցերը ռուսական կողմի հետ լրացուցիչ քննարկելու: Մոսկվայում, ի վերջո, պետք է հասկանան, որ ռազմավարական գործընկերությունը միակողմանի չի լինում, և դա միայն Հայաստանի պարտականությունը չէ:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ