կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-24 17:40
Հասարակություն

Հայաստանի բնակիչների 61 տոկոսը կողմ է Մաքսային միությանը միանալուն

Հայաստանի բնակիչների 61 տոկոսը կողմ է Մաքսային միությանը միանալուն

Հայաստանի հասարակությունը առաջնահերթ է համարում նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հետ կապերի ամրապնդումը, քան` ԵՄ երկրների: Հայաստանի բնակիչների 92 տոկոսը Ռուսաստանը համարում է բարեկամ երկիր, իսկ 50 տոկոսից ավելին հանդես է գալիս Ռուսաստանի հետ սերտ ինտեգրման օգտին. այսօր, ըստ Regnum-ի, լրագրողներին հայտնել է Gallup International Association-ի հայկական գրասենյակի ղեկավար Արամ Նավասարդյանը:

 

Մի քանի ամիս առաջ հետխորհրդային տարածքի 11 երկրում հարցում է անցկացվել` մոտ 13 հազար մարդու շրջանում: Հարցախույզի հարցերը վերաբերել են տնտեսությանը, քաղաքականությանը, ինտեգրմանը:

 

Ըստ հարցման` Հայաստանի բնակիչների 28 տոկոսը նախընտրում գնել նախկին ԽՍՀՄ երկրներում արտադրված ապրանքներ, 36 տոկոսը` եվրոպական արտադրության, 21 տոկոսը նշել են այլ երկրներ: Հայաստանում հարցվածների 43 տոկոսը սպասում են ներդրումներ Ռուսաստանից, մինչդեռ Ադրբեջանում այլ պատկեր է. 54 տոկոսը ներդրումներ է սպասում Եվրոպայից:

 

Ինչ վերաբերում է քաղաքական ինտեգրմանը, Մաքսային միությանը միանալու ցանկություն է հայտնել` Ղազախստանում` 75 տոկոսը, Ադրբեջանում` 38 տոկոսը, Վրաստանում` 30 տոկոսը, Հայաստանում` 61 տոկոսը: Հայաստանում հարցվածների 4 տոկոսը դեմ է Մաքսային միությանը, 21 տոկոսին այդ թեման չի հետաքրքրում:

 

Ըստ Նավասարդյանի` Հայաստանում հարցվածների ավելի քան 70 տոկոսը ռազմական օգնություն է սպասում Ռուսաստանից: Սպառնալիք են համարում Ադրբեջանը (90 տոկոս) եւ Թուրքիան (70 տոկոս): Իսկ Վրաստանում հարցվածների 70 տոկոսի համար սպառնալիք է Ռուսաստանը: