Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է. Լեւոն Տեր-Պետրոսյան
Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընդարձակ ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին ինտեգրացիոն գործընթացներին, մասնավորապես` Մաքսային միությանը անդամակցությանը:
«Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլևս անշրջելի է, իսկ եվրաինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։ Ըստ այդմ՝ թե՛ Կոնգրեսը, թե՛ ընդհանրապես որևէ քաղաքական ուժ իր հաշվարկները կատարելիս այսուհետև պարտադրված է մեկնել այս անժխտելի իրողությունից, քանի որ դրա անտեսումը, ծնելով սին պատրանքներ ու կեղծ օրակարգեր, կարող է հանգեցնել լուրջ սխալների ու վտանգավոր հետևանքների։ Այս իրողության հաստատմամբ՝ ինքնաբերաբար տրվում է նաև մեր դրած հարցի պատասխանը, այն է` Հայաստանն այսօր կանգնած է Մաքսային միությունում այնպիսի արժանապատիվ իշխանությամբ ներկայանալու խնդրի առջև, որը, թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում վայելած հարգանքի ու վստահության շնորհիվ, ի վիճակի է այդ միության ընձեռած հնարավորություններն առավելագույնս ծառայեցնել մեր ազգային շահերին, իսկ բացասական անդրադարձումները` հասցնել նվազագույնի»,-հայտարարեց Տեր-Պետրոսյանը: