կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-01 12:15
Քաղաքական

ՀՀ եւ ՌԴ վարչապետները քննարկել են Մաքսային միությանը Հայաստանի մասնակցության հարցը

ՀՀ եւ ՌԴ վարչապետները քննարկել են Մաքսային միությանը Հայաստանի մասնակցության հարցը

Մինսկում` ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ. տեղեկացնում է Regnum-ը` վկայակոչելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:

 

Քննարկվել են երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերություններին, ԱՊՀ տարածքում ինտեգրման գործընթացներին, մասնավորապես` Մաքսային միությանը վերաբերող հարցեր:

 

«Հայաստանը, ընդհանուր առմամբ, ցանկանում է դրան մասնակցել: Մեզ համար նույնպես դա կարեւոր է թվում, պարզապես պետք է գտնել համագործակցության համապատասխան ձեւաչափը»,- նշել է Դմիտրի Մեդվեդեւը:

 

«Մեր դիրքորոշումը հստակ է, այստեղ ոչ մի կասկած չկա, եւ մեր նախագահները նույնպես քննարկել են այդ թեման: Հիմա արդեն հարկավոր է ամեն ինչ որոշել տեխնիկական մակարդակով, թե ինչ քայլերով, ինչ տեմպերով է պետք առաջ գնալ: Ես քիչ առաջ Խրիստենկոյի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հանձնախմբի նախագահ) հետ հանդիպեցի: Մենք նրա հետ քննարկեցինք նաեւ հուշագրի հարցը` որ անհրաժեշտ է շտապ այդ հուշագիրը պատրաստել, համաձայնեցնել նախագահների հետ ու ստորագրել: Եվ, իհարկե, աշխատանքը, որը մենք անցկացրեցինք մեր վերջին հանդիպումից հետո, տնտեսական զարգացման նախարարության հետ շատ կարեւոր եւ հետաքրքիր բանակցություններ էին մեզ համար: Մենք ստորագրել ենք 2 արձանագրություն, սահմանել հարցերի շրջանակը, առաջխաղացման քայլերի ցանկը»,- իր հերթին, հայտարարել է Տիգրան Սարգսյանը:

 

Նա նաեւ պատմել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Կիրիենկոյի հետ իր հանդիպման մասին` նշելով, որ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության ֆինանսավորման հարցում լիակատար փոխըմբռնում կա:

 

«Պայմանավորվածությունը հետեւյալն է` առաջին փուլում մտածում ենք գործող ատոմակայանի գործողության ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին, երկրորդ փուլում` նոր էներգաբլոկի շինարարության»,- հավելել է Հայաստանի վարչապետը: