Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հուլիսի 14-ին գյուղապետի արտահերթ ընտրություններ են անցկացվելու: Առաջադրվել է հինգ թեկնածու: Ինքնաառաջադրվել են Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցականներ՝ «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյան, «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ-ի տնօրեն Ցոլակ Գրիգորյանն ու Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը մասնակցել է գյուղապետի նախորդ ընտրություններին եւ եղել նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիմնական մրցակիցը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ-ական թեկնածու Վովա Սահակյանը նշեց, որ Պռոշյանում մթնոլորտը սովորական` աշխատանքային է, «Աստծո ամեն օրվա նման», լարվածություն էլ չկա, ապա հայտարարեց, որ բոլոր թեկնածուներին հավասար մրցակից է դիտում:
«Բոլորին էլ ճանաչում եմ, մեր գյուղի տղաներ են, բարով են եկել, թող գան: Ժողովուրդն ում կընտրի` կընտրի, ում ժողովուրդը կվստահի, ուրեմն նա էր արժանավորը»,- նշեց ՀՅԴ-ական թեկնածուն:
Մեր դիտարկմանը, որ անցած ընտրություններում ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը Հրաչ Մուրադյանի հիմնական մրցակիցն էր, կարո՞ղ ենք փաստել, որ հիմա էլ Արթուր Մուրադյանն է իր հիմնական մրցակիցն է, Սահակյանը չհամաձայնեց` նշելով, որ կտրականապես դեմ է նման ձեւակերպմանը: Վովա Սահակյանը չցանկացավ մեկնաբանել նաեւ մեր այն դիտարկումը, թե արդյո՞ք բարոյական տեսանկյունից ճիշտ է Արթուր Մուրադյանի առաջադրումը: «Այդ հարցը կարելի է տալ հենց իրեն: Ինքը բազմիցս ելույթ է ունեցել, մի շարք պնդումներ եւ ձեւակերպումներ արել, հենց իրեն էլ հարցրեք»,- նշեց նա:
ՀՅԴ-ական թեկնածուն վստահ է, որ ընտրությունները լինելու են արդար, թափանցիկ եւ մաքուր, ինչպես միշտ` Պռոշյան գյուղում: «Մենք առաջին անգամ չէ, որ ընտրության ենք մասնակցում, եւ մեր թիմը առաջին անգամ չէ, որ հաղթանակ է տարել: Եթե ճնշումներ եւ սպառնալիքներ ցանկանան անել, թույլ չենք տա. չնայած հորդորել ենք բոլոր ուժերին, ում մտքով կամ երազում տեսել են նման բան, չգնան դրան, էդ ղալաթը չանեն: Բայց եթե անգամ փորձեն, թույլ չենք տա»,- ասաց Սահակյանը: