Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Միքայել Մինասյանի հրաժարականների մեջ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով, որոշակի մութ պատմություն կա, «որովհետեւ ընտրություններից վեց ամիս առաջ ոչ ոք չի հայտարարում, որ գնում է շտաբի պետ, մյուսն էլ չի հայտարարում, որ գնում է շտաբի պետի տեղակալ»:
«Ես համոզված եմ, որ հասարակությունից ինչ-որ բան թաքցնում են, եւ մոտ ժամանակներս մենք կհասկանանք, թե ինչի մասին է խոսքը»,- yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետը` հիշեցնելով, որ նախորդ ընտրություններից առաջ ոչ մի պաշտոնյա իր պաշտոնից չի ազատվել` նախընտրական շտաբի պետ կամ տեղակալ լինելու համար:
Մեր հարցին` ի՞նչ խնդիր պետք է լուծի Մ. Մինասյանը շտաբում` գուցե Հովիկ Աբրահամյանին վերահսկելո՞ւ, Երվանդ Բոզոյանը տարակուսեց, որ գուցե իսկապես Հովիկ Աբրահամյանն այնքան էլ վստահելի չէ գործող նախագահի համար, բայց այս դեպքում հարց է ծագում, թե ո՞ր պաշտոնյան է վստահելի:
«Այն տնտեսական քաղաքականությունը, որ վարվում է Հայաստանում եւ այն դժգոհության պարագայում, որ կա, շատ դժվար է ասել, թե ինչ է նշանակում վստահելի պաշտոնյա: Ի վերջո, ցանկացած պաշտոնյա կատարող ֆիգուր է, ինքը ի՞նչ պետք է անի` ինչ-որ դավադրությո՞ւն պետք է անի, պետք է վա՞տ աշխատի, սխա՞լ աշխատի»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ վստահության խնդիր կարող է առաջ գալ ընտրությունների ժամանակ, իսկ այս պարագայում ոչ ոք չի կարող ասել, թե որ պաշտոնյան ավելի վստահելի կլինի նախագահի համար, իսկ որ պաշտոնյան` ոչ:
«Դրանք դատարկ խոսակցություններ են, բամբասանքի առարկա եւ որեւէ քաղաքական նյութ չեն պարունակում իրենց մեջ: Ինչո՞վ էր, ասենք, Ալիկ Սարգսյանն ավելի քիչ վստահելի, քան Վովա Գասպարյանը. այդ հարցի պատասխանը չկա, քանի որ նրա հրաժարականը քաղաքական բնույթ չի կրել, այսինքն` Ալիկ Սարգսյանը չի հայտարարել, որ ինքն ինչ-ինչ հարցերով համաձայն չէ գործող նախագահի հետ: Այստեղ վստահության կամ չվստահության հարց չկա, այստեղ ուրիշ խաղեր են»,- նշեց Ե. Բոզոյանը` հավելելով, որ այդ դավադրությունների սցենարները` իբր հանում են Քոչարյանի թիմին, հանում են ռուսամետ ուժերին, լուրջ չի համարում: