կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-19 13:19
Քաղաքական

Հովիկ Աբրահամյանն ու վարչապետը պայքարում են, որ ի՞նչ անեն. Գալուստ Սահակյան

Հովիկ Աբրահամյանն ու վարչապետը պայքարում են, որ ի՞նչ անեն. Գալուստ Սահակյան

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ երեկոյան Աշոտ Սուքիասյանը`Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկը, նամակ է ուղարկել ՀՀ դատախազություն եւ «Հետքի» խմբագրություն`տեղեկացնելով, որ ինքն է վարչապետի եւ արքեպիսկոպոսի անունից օֆշորային գոտում ընկերություններ գրանցել` առանց նրանց գիտության:

 

Տեղեկատվությանը, պարզվում է, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չէր տիրապետում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ «չի հավատում էդ շոուներին, որ կազմակերպում են»: Լրագրողների դիտարկմանը` շոուն ո՞րն է, Սահակյանն արձագանքեց` չի կարծում, որ «վարչապետը խնդիր պիտի ունենար օֆշորային գոտիներում գումար պահելու հետ»: Լրագրողների դիտարկմանը, թե Սուքիասյանի ինքնախոստովանությունը շոու չէ՞ր, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ դա բանկային համակարգի հետ է կապված, ինքը բանկերի հետ որեւէ առնչություն չի ունեցել, որ իմանա`միամիտ է, ոչ միամիտ:

 

Օֆշորների հետ կապված այս ողջ պատմությունը, ըստ Սահակյանի, հերյուրանք է: Իսկ թե ով է հերյուրանքի հեղինակը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը չգիտի. «Ես արդեն գործակալ ե՞մ»: Լրագրողներից մեկը նշեց, որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, դրանք արդյունք են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի միջեւ հարաբերությունների, ու դրանց հեղինակը Հովիկ Աբրահամյանն է: Սահակյանը հակադարձեց. «Ես այն գործիչը չեմ, որ ստեղ կանգնեմ` իրար հետ համատեղ բամբասենք, ռեալ հարցեր տվեք: Այսինքն` Հովիկ Աբրահամյանն ու վարչապետը պայքարում են, որ ի՞նչ անեն»: