|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ֆուկ ընդ պուկան
Երևանի ավագանու` օրերս կայացած նիստում ՀՀԿ-ականներին կարգին նյարդայնացրել են «Բարև Երևան» դաշինքի անդամների սուր հարցադրումներն ու դրանց պատասխանելու պատճառով երկարող նիստը, և երբ ամբիոնին է մոտեցել հերթական «բարևականը»՝ Անահիտ Բախշյանը, նրա ետևից ՀՀԿ-ական Մանվել Ավետիսյանը տարօրինակ ձայներ է հանել կամ, ինչպես գրել էր կայքերից մեկը, «պուկ» է արել: Ելույթից հետո տիկին Բախշյանը մոտեցել է ՀՀԿ-ի վերոհիշյալ նվիրյալին և զայրացած հանդիմանել. «Ձեզ չե՞ն ասել, որ նման տեղերում նման ձայներ չի կարելի հանել»: Բայց դա դեռ ամենը չէ. տիկին Բախշյանը, ասում են, մտադիր է առաջիկայում այնպես անել, որ «պուկ» ասող ՀՀԿ-ականին ավագանուց «ֆուկ» անեն:
Անտարակույս
Ըստ լուրերի՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դժգոհ է մնացել Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի ղեկավար Անահիտ Բախշյանի՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանին գրած նամակից, որով խմբակցությունը հրաժարվել է իրեն հատկացված հին սովետական ավտոմեքենայից: Ր. Հովհաննիսյանի համոզմամբ՝ իր կուսակիցները պետք է հանդուրժողական լինեն ոչ միայն զանազան փոքրամասնությունների՝ համասեռամոլների և այլոց նկատմամբ, այլև՝ «ԳԱԶ 3110»-երի: Երևանի քաղաքապետարանի մյուս խմբակցություններին սպասարկող արտասահմանյան ավտոմեքենաների շքեղ շարքում դրանք էլ, անտարակույս, փոքրամասնություն են:
Քֆուրի ուժը
Բջջային կապի բրիտանական մի ընկերության և Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականների կատարած հայտնագործությունը՝ ձեռքի հեռախոսները լիցքավորել մարդու էներգիայով՝ հայհոյանքի միջոցով, խոր տարակարծություններ է առաջացրել ՀՀԿ-ական պատգամավորների շրջանում: Ղեկավարությունն առայժմ վարանում է օգտվել նորագույն հեռախոսներից, որովհետև մտավախություն ունի, թե իր շատ ու շատ պատգամավորների էներգիային այդ հեռախոսները կարող է չդիմանան ու տրաքեն հենց ԱԺ դահլիճում:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ