կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-15 13:02
Քաղաքական

Հայաստանը պետք է օժանդակի Ադրբեջանի տրոհմանը

Հայաստանը պետք է օժանդակի Ադրբեջանի տրոհմանը

Ադրբեջանը, որպես հասարակություն, տրոհված է դավանաբանորեն: Մյուս կողմից` Ադրբեջանը արհեստականորեն ստեղծված պետություն է, որտեղ 1936-ից ստալինյան հրահանգով փորձ արվեց ստեղծել մի նոր հանրույթ, պետականակերտ մի նոր ազգ. անդրադառնալով Սերժ Սարգսյանի` տարածաշրջանում սպասվող փոփոխություններին վերաբերող հայտարարությանը` լրագրողներին ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

 

Արհեստական հասարակություն ձեւավորելու այդ ծրագիրը, Պապյանի մեկնաբանմամբ, մնաց անավարտ, եւ ինչպես շատ անավարտ բաներ, հակված է տրոհման:

 

«Հատկապես, կարծում եմ, որ նավթի արդյունահանման կրճատումը պետք է ազդեցություն ունենա նաեւ տնտեսապես, հետեւաբար` մեր խնդիրն է ոչ միայն սպասել, տեսնել այդ փոփոխությունը, այլեւ հնարավորինս նպաստել հակառակորդների մոտ այդ գործընթացների արագացմանը: Երկրորդ` ինքներս հնարավորինս ուժեղացնենք մեր երկիրը»,- ասաց նա:

 

 

Թե ինչպես պետք է Հայաստանը ուժեղացնի Ադրբեջանի տրոհման գործընթացներում իր ազդեցությունը եւ ինչու է պասիվ այդ հարցում, Արա Պապյանը նշեց, որ այդ պասիվությունը պայմանավորված է եղել ֆունդամենտալ փիլիսոփայական սխալով:

 

«Երբ մենք պատերազմի մեջ էինք գտնվում եւ զինադադար էինք կնքում, մենք այն թյուր պատկերացումն ունեինք, թե ինչ-որ բանակցային գործընթացում, ինչ-որ փոխզիջումների գնալով, կկարողանանք գտնել ինչ-որ փոխադարձաբար ընդունելի տարբերակ կողմերի համար: Բանակցությունների այս ամբողջ գործընթացը ցույց տվեց, որ չկա նման բան: Այսինքն` Ադրբեջանը բնավ ցանկություն չունի որեւէ զիջման գնալ, նրա այսօրվա առաջարկածը հայկական կողմին ավելի քիչ է, քան 1988 թվականից առաջ հայերն ունեին. այն ժամանակ հայերն ունեին ինքնավար մարզ` Մոսկվայի կենտրոնական իշխանության ղեկավարության ներքո, այսօր նրանք առաջարկում են ինքնավարություն Ադրբեջանի կազմում, այսինքն` ավելի ցածր կարգավիճակ»,- պարզաբանեց բանախոսը:

 

Նա նշեց, որ վերջին շրջանում այն ըմբռնումն է հասունանում, որ կա'մ Ադրբեջանը մեզ պետք է այնքան թուլացնի, որ Հայաստանն ու հայկական կողմը ստիպված լինեն կապիտուլյացիայի գնալ, կա'մ մենք պետք է թուլացնենք Ադրբեջանին: Ըստ Պապյանի` Ադրբեջանն այդ նպատակի համար օգտագործում է հիմնականում տնտեսական լծակներ` մեզ ստիպում է ռազմական մրցավազքի մեջ մտնել, ծախսեր կատարել, շրջափակում է եւ այլն: Մեր պատասխանը պետք է լինի ասիմետրիկ:

 

«Հասկանանք, թե ինչպիսի ներքին խնդիրներ ունի Ադրբեջանը, որ չկան Հայաստանում: Դա բոլորիս նշած կրոնական, ազգային եւ այլ խնդիրներն են: Մենք, առաջնորդվելով մարդու իրավունքները հարգելու տեսանկյունից, պետք է նպաստենք տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին` իրենց ազգային արմատների զարգացման եւ պահպանման համար»,- առաջարկեց «Մոդուս Վիվենդիի» տնօրենը: Նա կարծիք հայտնեց, որ մեր որդեգրած քաղաքականությունը պետք է լինի համագործակցությունը տարածաշրջանի պետականազուրկ ժողովուրդների հետ:

 

 

Ադրբեջանում եւ Թուրքիայում հասունացող փոփոխություններին անդրադարձավ նաեւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Գեւորգ Մելքոնյանը եւ նշեց, որ առաջիկայում Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ, իսկ Ադրբեջանը, որպես պետություն, ունի երկու ուղղություն` կա’մ գնալ ժողովրդավարական ճանապարհով, կա’մ` սուլթանությունն ամրապնդելու:

 

«Բայց սուլթանիկները երբեք հենց այնպես իշխանությունը չեն հանձնում, եւ Ալիեւի կլանը, վերջիվերջո, գնալու է արաբական գարնան ճանապարհով, ու եթե ներսում պալատական հեղաշրջում չլինի, ապա առաջիկայում մենք ականատես կլինենք, որ կլանը, արեւմտյան երկրների ազդեցության տակ, կսկսի թուլանալ»,- ասաց Մելքոնյանը:

 

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա բանախոսը նշեց, որ այնտեղ նույնպես հասարակությունը երկփեղկված է` պայքարն ընթանում է քեմալականների` արեւմտյան գաղափարախոսության կողմնակիցների եւ իսլամականների` ի դեմս Էրդողանի կուսակցության, միջեւ:

 

«Թուրքիայի պատմության մեջ եղել են զինվորական հեղաշրջումներ, եւ փորձագետները գտնում են, որ եթե առաջիկայում Էրդողանը չկարողացավ վերահաստատել իր իշխանությունը, ապա Թուրքիայում մենք նորից ականատես ենք լինելու զինվորականների ազդեցության, ինչու ոչ` նաեւ զինվորական հեղաշրջման»,- եզրակացրեց Գեւորգ Մելքոնյանը: