Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայում գործող «Սաթե-Աթրը» թատերական միությունը 2012թ. Ֆրանսիայի հանդիսատեսի դատին է ներկայացրել Հովհաննես Թումանյանի հեքիաթների բեմադրությունը, որն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Yerkir.am-ի հետ զրույցում նախագծի պատասխանատու եւ ղեկավար, բեմադրիչ Սաթենիկ Խաչատրյանը նշեց, որ, որպես բեմադրիչ, սա իր երրորդ ներկայացումն էր Ֆրանսիայում:
«Այս անգամ ցանկություն կար անելու մի բան, որն իմ ինքնությանն է վերաբերում, իմ տեսակին եւ ազգային պատկանելությանը: Քանի որ իմ կենսագրության մեջ միշտ նշվում էր, որ ազգությամբ հայ դերասանուհի եմ, բայց ներքին մի հակասություն կար` հայ եմ ու ոչ մի անգամ չեմ կարողացել ներկայանալ որպես հայ: Երկու միտք էր հստակ` ուզում էի բեմադրել Թումանյանի հեքիաթները եւ դա իրականացնել մի այնպիսի դերասանի հետ, որը ոչ մի առնչություն չունի իմ արվեստի հետ»,- ասաց Խաչատրյանը:
Ըստ նրա` մինչեւ ներկայացման պատրաստ լինելն արդեն վեց անգամ այն ցուցադրելու թույլտվություն ունեին, քանի որ նախագիծը շատերին էր հետաքրքրել: Խաչատրյանի հավաստմամբ` ինքը հեշտությամբ գտավ դերասանին, ով աֆիկյան եւ կարիբյան ծագում ունի: «Հենց սկզբից հրաշալի արձագանք ունեցավ ներկայացումը, եւ Ֆրանիսայի տասը քաղաքներում խաղացինք այն»,- նշեց նա:
Հենց այդ ժամանակ էլ Ֆրանսիայի Ռոն-Ալպ տարածաշրջանը հայտարարել է Հայաստանի հետ համատեղ աշխատանքային ծրագրերի առաջարկների մրցույթ: Խաչատրյանն անմիջապես որոշում է ընդունել մասնակցել մրցույթին` հայկական հեքիաթների բեմադրությամբ: Ըստ նախագծի պայմանների` հայաստանյան ներկայացման ժամանակ պետք է ներկայացմանը մասնակցեն նաեւ երեք հայ դերասաններ եւ գոյություն ունեցող հեքիաթների հիման վրա ստեղծել մեկ ուրիշ ներկայացում: Ի դեպ, Երեւանից բացի, ներկայացումներ կցուցադրվեն հունիսի 15-ից հուլիսի 15-ը` Սեւանում, Գավառում, Վարդենիսում, Ջերմուկում, Սիսիանում: Ըստ Խաչատրյանի` իրենց ուշադրության կենտրոնում են, մասնավորապես, այն քաղաքներն ու գյուղերը, որոնք մայրաքաղաքային կյանքի եռուզեռից հեռու են, շատ հաճախ դուրս են մնում տեսադաշտից:
«Ներկայացման նպատակը Ֆրանսիայում հայկական մշակույթի տարածումն է: Շատ նախանձախնդրորեն եմ վերաբերվել այն փաստին, որ աֆրիկյան հեքիաթները լայն տարածում ունեն ողջ Եվրոպայում: Շատերն ասում էին` վայ, այսինչ հեքիաթը ինչ նման է մեր` ֆրանսիական հեքիաթին. այո, հեքիաթները նման են իրար: Շատ հետաքրքիր է հանդիսատեսի արձագանքը «Կիկոսի մահը» ներկայացման ժամանակ, եւ շատ անգամներ նրանք վիճում են հեքիաթի հերոսների հետ»,-ասաց Խաչատրյանը` հավելելով, որ ներկայացումները շատ երաժշտական են` 8-9 երգ են կատարում այդ ընթացքում` հայկական ժողովրդական եւ Կարիբյան կղզիների ազգային երգերը, օգտագործում են նաեւ մոտ քսան երաժշտական գործիքներ: «Ընդհանրապես, հեքիաթասացի արվեստը մեզ մոտ չկա: Տատիկս ինձ այնպիսի ոգեւորությամբ էր պատմում հեքիաթները, որ ես ուզած-չուզած շուտ էի քնում, որ հաջորդ երեկո հեքիաթի շարունակությունը լսեմ: Հեքիաթ պատմելու սովորությունը մեր տներում էլ է անհետանում»,- նշեց մեր զրուցակիցը:
Խաչատրյանը ասաց նաեւ, որ առաջիկայում նախատեսում է «Սասնա ծռեր» դյուցազներգության բեմադրությունը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ