|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ինդիկատոր
«Ով իմ մասին մտածի, որ հիվանդ եմ, ուրեմն ինքը թուրքի լամուկ ա»,- հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը: Գեներալը, փաստորեն, յուրօրինակ էթնոինդիկատոր է, որ ով նայի նրան ու մտածի, թե օբյեկտը հիվանդ է, ուրեմն պատկանում է հայտնի ազգությանը: Այս հայտարարությունից հետո, ասում են, սեփական ժողովուրդների էթնիկ զտարյունությունը վերջապես պարզելու համար, Կարմիր խաչի հովանու ներքո գեներալին ուզում են գիտաժողովի հրավիրել Ադրբեջանի և Թուրքիայի գիտությունների ակադեմիաները:
Աստծու չոքերը
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աչքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շատ է բարձրացել. վերջինս նախկին քաղաքապետներից ամենաուժեղն է, որովհետև վերջին քսան տարում միայն նա կարողացավ քանդել տալ Փակ շուկայի նորակառույցը, որ իրականացվում էր Ս. Ալեքսանյանի կողմից: Բայց եթե բարձրանալու չափանիշն իր ապօրինի գործունեությունը կասեցնել կարողանալն է, պատկերացնու՞մ եք՝ Ս. Ալեքսանյանի աչքում ինչքան բարձրանալու առիթ ու տեղ ունի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Համարյա՝ մինչև աստծու չոքերը:
Մտավախություն
«Դահլիճում ջերմաստիճանի բարձրացման պատճառով զառաները զառանցում են»,- Ազգային ժողովում «Ժառանգության» Զարուհու «առթիվ» պոետական բառախաղ է արել ՀՀԿ-ական պատգամավոր, կաուչուկի գծով գիտությունների թեկնածու Կարեն Ավագյանը: Ասում են՝ իրենց ջահելի այս անհաջող բառախաղի կապակցությամբ առաջինը դժգոհություն է արտահայտել ՀՀԿ-ի նահապետը՝ Գալուստ Սահակյանը: Վերջինս մտավախություն ունի, որ, դահլիճում ջերմաստիճանի բարձրացման հետ կապված, «զառաները» եթե կարող են զառանցել, ապա բացառված չէ, որ «զառամները» նույնպես կարող են զառանցել:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ