| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությանը ներկա էր նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Լրագրողների հետ զրույցում Բեգլարյանը հայտարարեց, որ այսօր Երեւանում շատ լավ աշխատանքներ են կատարվում, իսկ այդ ամենին ինքը նայում է որպես մասնագետ` ավելի խորը: Նա ցանկանում է, որ լուծվեն բոլորիս անհանգստացնող խնդիրները:
«Բոլորս ապրում ենք այս քաղաքում, սիրում ենք Երեւանը, այնքան, որքան մեր երեխաներին, մեր ընտանիքը եւ ցանկանում ենք Երեւանը տեսնել զարգացած, գեղեցիկ, անթերի»,- հայտարարեց նախկին քաղաքապետը:
Լրագրողներից մեկի հարցին, թե` կարոտո՞ւմ եք Ձեր նախկին պաշտոնը, նա պատասխանեց. «Ես իմ երեխաներին եմ կարոտում»: Դիտարկմանն էլ` թե խանդի, նախանձի խնդիր չկա՞, արձագանքեց. «Գիտեք, եկեք նորմալ կյանքով ապրենք: Ցանկություններով, երազանքներով մարդիկ չեն ապրում»:
Անդրադառնալով Հանրապետության հրապարակի վերակառուցման համար հայտարարված մրցույթին` Բեգլարյանը նախ հետաքրքրվեց, թե, վերակառուցված ասելով, ի՞նչ ենք հասկանում, հետո հայտարարեց, որ քաղաքում այդ կարգի լուծումները նախ պետք է դրվեն հասարակական լայն քննարկման, դա պետք է հասարակությունն ընդունի: Իսկ եթե դա Հանրապետության հրապարակին տա ավելի լավ, պատշաճ տեսք, քան այսօր կա, համաձայն է, եթե` ոչ, ապա` ոչ:
Նախարարն անդրադարձավ նաեւ տրանսպորտի հնարավոր թանկացմանը: «Երբ կոնկերտ հաշվարկները կունենանք, կփորձենք ամեն ինչ անել, որ եթե թանկանա էլ, գոնե շատ չնչին չափով»,- նշեց նա: