Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-06-06 18:47
Իրավական

''Արդար'' քննություն, խիզախության պատրանք…

''Արդար'' քննություն,  խիզախության պատրանք…

Հայ կինը, հավատարիմ մնալով ի վերուստ տրված` մայր լինելու առաքելությանը, միաժամանակ ուժ ու կորով է հաղորդել հայ տղամարդուն, պայքարել նրա կողքին: Հայ կանայք հայտնի են որպես խիզախ մարտիկներ, մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններում տղամարդկանց հետ զենք են վերցրել ու կռվել թշնամու դեմ:

 

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը 2010 թվականը հռչակել էր հայ կնոջ տարի՝ նկատի ունենալով նրա  առանցքային դերը մեր ժողովրդի կյանքում: Կաթողիկոսը հայ կնոջ տարի կհռչակեր նաև 2013-ը, եթե  կարդացած լիներ  Սյունիքի մարզպետարանի երեկվա հայտարարությունը հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:

 

Մարզպետարանի ներկայացուցիչները  դիտել են մարզպետի գորիսյան առանձնատան մոտ տեղադրված տեսախցիկների նկարահանածը և դրա համառոտ բովանդակությունը ներկայացրել հանրությանը:  Այնինչ փորձաքննության փուլում տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է, ինչը  ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն հաստատել է:

 

Նկատենք, որ տեսագրության ամբողջականության մասին դատողություններ կարելի է անել միայն նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո, ինչի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը` ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը առայժմ որևէ տեղեկություն չի հրապարակել:

 

Գործող օրենսդրությամբ քրեական գործով տեղեկատվություն տրամադրելու լիազորությամբ օժտված է միայն վարույթն իրականացնող մարմինը, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը: Ստացվում է, որ Սյունիքի մարզպետարանն իրեն է վերապահել  նախաքննական մարմնի լիազորությունները և անմիջականորեն միջամտում է գործի քննությանը: 

 

Իսկ մարզպետարանի` տեսագրությունը դիտած աշխատակիցների պատմածն իրականում  հիշեցնում է էժանագին սերիալի մի հատված, որտեղ առանձնակի «խիզախությամբ» աչքի է ընկնում «սերիալի» գլխավոր հերոսուհին` արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը` Լորետա Բարսեղյանը: Սուրիկ Խաչատրյանի երկու որդիների,  վարորդի, Նիկոլայ Աբրահամյանի,  Զարզանդ Նիկողոսյանի, Արտակ և Ավետիք Բուդաղյանների անունների կողքին բազմիցս հիշատակվում է նրա անունը: Մարզպետի կինն անընդհատ շարժման մեջ է` մեկ մոտենում է հավաքվածներին, մեկ խառնվում խոսակցություններին, բաժանում է միմյանց քաշքշողներին, խլում է զենքերը, փոխում է կրակոցի ուղղությունը` գործողություններ, որոնք մենք տեսել ենք միայն  հայտնի մարտաֆիլմերում:

 

Լորետա Բարսեղյանի «խիզախությունն» իր գագաթնակետին է հասնում հետևյալ դրվագում. «Մեքենայից իջնում է գնդապետ Արտակ Բուդաղյանը (խմբ.- մեջբերում մարզպետարանի հայտարարությունից) և անմիջապես կրակ բացում։ Հավաքվածները դեսուդեն են փախչում։ Լորետա Բարսեղյանը մոտենում է Արտակ Բուդաղյանին և բռնում զենքից՝ փորձում խլել այն կամ խանգարել կրակելուն։ Եվ երեք կրակոցի ուղղություն, կարծեք, հաջողվում է փոխել»:

 

Հավաքվածները դեսուդեն են փախչում, սակայն մարզպետի կինը մոտենում է կրակողին... Այս դրվագը առիթ հանդիսացավ  ֆեյսբուքահայության երեկվա բուռն արձագանքին, առաջարկ եղավ անգամ նրան արժանացնել Սուրիկ Խաչատրյանին շնորհված «Մարտական խաչ» շքանշանին:  

 

Յուրովի մեկնաբանելով իրադարձության ընթացքը,  սակայն այդպես էլ չնշելով, թե ինչ է եղել, մինչ եղբայրների ժամանումը,  մարզպետարանը  հայտարարում է, թե տեսագրության հավաստիության վերաբերյալ դեռևս պատկան մարմինները տարակույս չեն հայտնել:  Այդ առումով, ցավոք մարզպետարանն իրավացի է: Միակ   գնահատականը, թերևս, տվել է դատախազությունը, որին  անդրադարձանք: Իսկ վարույթն իրականացնող մարմինը` ՀՀ ՊՆ քննչական ծառայությունն առայժմ լռում է:  Մեզ չհաջողվեց կապ հաստատել նախաքննական մարմնի հետ և պարզել` արդյո՞ք մարզպետարանը պատասխանատվություն կկրի գործի քննությանը միջամտելու համար, թե՞ ոչ: 

 

Քանի որ մինչ այժմ հայտարարության վերաբերյալ որևէ լուրջ իրավական գնահատական  չի տրվել, և ոչ ոք  պատասխանատվության չի ենթարկվել, յուրաքանչյուր ոք կարող է իրեն իրավունք վերապահել  կատարվածը բնորոշել որպես իշխանության ոչ պաշտոնական վարկած, երկկողմանի պայմանավորվածության արդյունք` Սուրիկ Խաչատրյանին հնարավորինս արդարացնելու միջոց:

 

Հ.Գ. Կարելի էր չանդրադառնալ մարզպետարանի տարածած հայտարարությանը, քանի որ այն արժանահավատ լինելու որևէ հիմք  չունի, սակայն, հաշվի առնելով պատկան մարմինների լռությունը, պետք է փաստենք, որ սա ծնելու է ամենաթողության հերթական ալիքը:  Եթե համապատասխան մարմինները կատարվածի վերաբերյալ այդպես էլ իրավական գնահատական չտան և հայտարարություն տարածողներին պատասխանատվության չկանչեն,  հօդս կցնդեն  արդարացի քննության և արդար դատավարության բոլոր նախադրյալները: Ավելին` այն  նախադեպ կդառնա  հետագայում ավելի ծանր,  աղմկահարույց գործերի քննությանը ցանկացած մեկի կողմից միջամտելու և պատասխանատվության չենթարկվելու համար:

 

Իսկ եթե նախաքննական մարմինը հաստատի Սյունիքի մարզպետարանի տարածած հայտարարության մեւ նկարագրվածը, ըստ որի` մի ամբողջ ճակատամարտ է տեղի ունեցել, իսկ մարզպետը մուշ-մուշ` Մսրա Մելիքի պես  քնած է  մնացել, մեզ կմնա միայն մարզպետի կնոջ անունը զետեղել պատմության դասագրքերում, որպեսզի նրա ցուցաբերած խիզախությունը հավերժ մնա  սերունդների հիշողության մեջ:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի