Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Թվիթեր» սոցիալական ցանցում գրառում է կատարել. «Աբրահամ Լինքոլնը մեզ պատերազմից հաշտության բերեց` վեր բարձրանալով քաղաքականությունից և նոր էջ բացելով մեր պատմության մեջ: Կա՞, արդյոք, մի խիզախ Աբրահամ Լինքոլն Հայաստանում կամ Ադրբեջանում, ով պատրաստ է բերել խաղաղություն և հաշտություն»:
Ուորլիքի ակնարկը Հայաստանի և Ադրբեջանի հանրությանն առավել քան թափանցիկ է. Ղարաբաղի հարցը չի լուծվում, քանի որ հակամարտող կողմերի ղեկավարները չեն ցանկանում այն լուծելու պատասխանատվությունը վերցնել իրենց վրա և չեն ցուցաբերում վճռորոշ որոշումներ կայացնելու քաջություն: Հետևաբար, այն խնդիրների պատճառը, որոնց բախվում են տարածաշրջանի ժողովուրդները, պետք է փնտրել սեփական լիդերների անհամարձակության մեջ:
Պատմա-լիրիկական զեղումներին տրվելը, սեփական երկրի պատմությունից օրինակներ բերելը նշանակում է, որ իր դիվանագիտական առաքելությունը բավական մեծ էնտուզիազմով սկսած Ուորլիքը հուսահատության մեջ է: Սա գրառում է մի մարդու, ով ստեղծված իրավիճակից այլևս որևէ ելք չի տեսնում և սպասում է կա\'մ հրաշքի, կա\'մ հնարավոր ամենավատ տարբերակին` պատերազմին:
Հրաշքը բացառվում է, որովհետև դեռ բավարար չէ, որ կողմերից որևէ մեկում ի հայտ գա նոր Լինքոլն: Ի տարբերություն ԱՄՆ-ի, սա հակամարտություն է երեք պետությունների միջև: Եվ որպեսզի նրանք փոխընդունելի ինչ-որ լուծումների հանգեն և ավարտեն չհայտարարված պատերազմը, բանակցությունների մեջ պետք է մտնի առնվազն երեք Լինքոլն` Հայաստանից, Ադրբեջանից և Ղարաբաղից: Եթե կողմերից մեկի լիդերը տեսակով Լինքոլն է, մյուսը, ասենք, Հիտլեր, առավելագույնը, ինչ կարող էր դրանից ստացվել, կողմերից մեկի կատարյալ ջախջախումն է: Հետևաբար, Ուորլիքի հարցադրումը սխալ է արմատապես:
Նախ` այն Լինքոլնը, որին կողմերից սպասում է Ուորլիքը, բացարձակապես նման չէ այն Լինքոլնին, ով ավարտեց ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմը: Նա Հայաստանից և Ադրբեջանից սպասում է զիջումների գնացող Լինքոլն, այն դեպքում, երբ Ադրբեջանի ներկայիս նախագահն ապրում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս դարձնելու, այլև Հայաստանն աշխարհի երեսից վերացնելու մարմաջով և իր ղեկավարած երկիրը վերածել է հայատյացության և ֆաշիզմի որջի: Ուորլիքը դրա մասին չի կարող չիմանալ: Իսկ նման երկրի հետ գործ ունենալու պարագայում զիջումների գնալը նույնն է, թե մեծացնես նրա ախորժակը:
Երկրորդ` Լինքոլնն ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմն ավարտեց ոչ թե այն պատճառով, որ շատ մեծահոգի էր, այլ որովհետև բախտի քմահաճույքով Հյուսիսի զորքերը հաղթեցին Հարավին, և Լինքոլնն ընդունեց Հարավի կատարյալ կապիտուլյացիան: Եվ դժվար է ասել` Լինքոլնի դերը ԱՄՆ-ի պատմության մեջ մեծ է այդ քաղաքացիական պատերազմից չխուսափելո՞ւ, թե՞ պատերազմում հաղթելու միջոցով ստրկատիրությունը վերացնելու համարձակության իմաստով: Որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլիներ ԱՄՆ-ի և աշխարհի հետ` առհասարակ, եթե այդ պատերազմում Հյուսիսը չհաղթեր: Փաստը մնում է փաստ` Լինքոլնը մինչև վերջ մնաց իր համոզմունքներին, գաղափարներին, աշխարհայացքին հավատարիմ` չխորշելով դրանց կենսագործմանը նույնիսկ քաղաքացիական պատերազմի միջոցով հասնելուց: Այսինքն` նրա պարագայում զիջումների մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է:
Եվ վերջապես երրորդ` սա Լինքոլնի ապրած ժամանակները չեն: Ռոմանտիզմին փոխարինելու է եկել դաժան, սառնասիրտ ու էությամբ հակամարդկային «real politik»-ը` ստիպելով կա\'մ ընդունել խաղի այդ կանոնները, կա\'մ «մաքրվել» աշխարհի քաղաքական և էթնիկական քարտեզից: Դժվար է պատկերացնել, թե քանի անգամ է գերեզմանում շուռ եկել ԱՄՆ-ի ամենահռչակավոր նախագահներից մեկը` տեսնելով, թե, ժողովրդավարության դրոշը ձեռքին, իր երկիրն ինչ ավերածություններ է գործել ու գործում Մերձավոր Արևելքում, թե ինչպես է վերածվել համաշխարհային ժանդարմի:
Այնպես որ` Ուորլիքն ավելի լավ կանի ձեռնպահ մնա պատմության դասեր կարդալուց և անի իր լիազորություններից կախված գոնե նվազագույնը` մոտեցնել հակամարտության կարգավորումը: Իսկ դրա համար շատ բան պետք չէ` ընդամենը իրերը կոչել իրենց անուններով ու հրաժարվել, երկակի ստանդարտներ կիրառելով, Ադրբեջանի կապրիզների նկատմամբ աչք փակելու ու դրանով Բաքվին երես տալու պրակտիկայից: Օրեր առաջ, երբ Տավուշի մարզի սահմանների ողջ երկայնքով լոկալ պատերազմ էր ընթանում, որի հետևանքով խաղաղ բնակիչների էին վիրավորվում, Ուորլիքը Twitter սոցցանցի իր միկրոբլոգում տեղադրեց Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի ուղղությամբ արձակված գրեթե ամբողջական արկի բեկորի լուսանկար, որն ուղեկցել էր հետևյալ մակագրությամբ. «Սա 120 միլիմետրանոց ականանետի արկ է, որը, ըստ տեղեկությունների, օգտագործվել է Ղարաբաղյան հակամարտության ընթացքում։ Նման սրումն անընդունելի է»: Կողմերից ո՞րն էր արձակել այդ արկը, ի՞նչ պայմաններում, համարձակության դասեր տվող ամերիկացի համանախագահը միտումնավոր չէր նշել: Երևի այդ պահին մոռացել էր խիզախություն դրսևորելու` լինքոլնյան օրինակը: Հետևաբար, չէր խանգարի, որ Ուորլիքը, բացի Լինքոլնի` ոչ այնքան տեղին ներկայացված օրինակից, երբեմն հիշեր նաև իր երկրի մյուս նախագահներին և հետևեր նրանց խորհուրդներին: Օրինակ` նույն Աբրահամ Լինքոլնին հաջորդած Էնդրյու Ջոնսոնին, ով ասում էր, թե ազնիվ համոզմունքն է իր խիզախությունը: Ի դեպ, սա վերաբերում է նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահներին:
Գևորգ Դարբինյան