Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-06-06 14:17
Աշխարհ

Երուսաղեմի պատրիարքի գահակալությունը ոչ մի օրենքի չի հակասում

Երուսաղեմի պատրիարքի գահակալությունը ոչ մի օրենքի չի հակասում

Իսրայելի կողմից Երուսաղեմի հայոց պատրիարքի թեկնածուին հավանություն տալը պրոտոկոլային է, պարտադիր պայման չէ. yerkir.am-ի խնդրանքով մեկնաբանելով լուրը, թե Իսրայելը չի ճանաչում Երուսաղեմի հայոց նոր պատրիարքին, ասաց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի կալվածքների տեսուչ տեր Բագրատ վարդապետ Պերճեքյանը:

 

Yerkir.am-ի հարցին, թե իսրայելական կողմը, չճանաչելով հայոց նոր պատրիարքին, կարո՞ղ է հակասության մեջ մտնել Երուսաղեմի պատրիարքարանի եւ Էջմիածնի հետ, եւ հայ-հրեական հարաբերությունները կարո՞ղ են լարվել, Բագրատ վարդապետը պատասխանեց, որ Իսրայելն ինքը ունի բազմաթիվ խնդիրներ, իսկ հայ պատրիարքի գահակալության հետ որեւէ բողոք կամ առարկություն իսրայելական կողմից իրենք չեն ստացել:

 

«Մենք նաեւ տեղեկացած ենք, որ իսրայելական կողմը մոտ օրերս պիտի ճանաչի Երուսաղեմի հայոց պատրիարքին, դրա համար գահակալությունը տեղի է ունեցել, որը ոչ մի օրենքի չի հակասում»,- պարզաբանեց տեր Բագրատ վարդապետ Պերճեքյանը:

 

Ի դեպ, մինչ Երուսաղեմի հայոց պատրիարքարան զանգելը, այս հարցի առնչությամբ մեկնաբանություն ստանալու խնդրանքով դիմել էինք Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատու տեր Վահրամ քահանա Մելիքյանին: Նա պատասխանեց, որ մինչ օրս չի եղել մի դեպք, որ Երուսաղեմի պատրիարքի գահակալությունը տեղի ունենա առանց իսրայելական կողմի համաձայնության, եւ որ Երուսաղեմի հայոց պատրիարքի գահակալությունը հետաձգվել է մինչ երեկ, պատճառը դա էլ կարող էր լինել: Տեր Վահրամը նշեց, որ եթե պատրիարքի գահակալությունը տեղի է ունեցել, ուրեմն այդ հարցը լուծում է ստացել, եւ իսրայելական կողմը տվել է իր համաձայնությունը:

 

Հիշեցնենք, որ Երուսաղեմի բոլոր քրիստոնեական հարանվանությունները աշխատում են իրենց առանջորդ նշանակել այնպիսի անձանց, որոնց հարցում համաձայնություն է լինում Իսրայելի, Հորդանանի եւ Պաղեստինյան ինքնավարության կողմից, ինչը նոր եպիսկոպոս եւ պատրիարք նշանակելը դարձնում է լուրջ դիվանագիտական խնդիր:

 

Նուրհան արքեպիսկոպոսի թեկնածությունը հավանության է արժանացել միայն Պաղեստինի ու Հորդանանի կողմից, սակայն ոչ` Իսրայելի, քանի որ արքեպիսկոպոսը բազմիցս հակաիսրայելական արտահայտություններ է արել, իսկ 2013-ի սկզբին խստորեն դատապարտել է Իսրայելին` Հայոց ցեղասպանությունը ճանաչել չցանկանալու կապակցությամբ: