կարևոր
415 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-21 17:05
Հասարակություն

Ձեր հայրապետական գահակալությունը հայ ժողովրդի համար եղել է հոգևոր հենարան ամենածանր տարիներին. Արցախի ԱԺ նախագահը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Ձեր հայրապետական գահակալությունը հայ ժողովրդի համար եղել է հոգևոր հենարան ամենածանր տարիներին. Արցախի ԱԺ նախագահը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը Գարեգին Երկրորդի ծննդյան 75֊ամյակի առիթով շնորհավորական ուղերձ է հղել։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻՆ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍ

Ձերդ Սրբություն, Վեհափառ Տեր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և արցախահայության անունից՝ սրտի խորունկ ջերմությամբ շնորհավորում եմ Ձեր ծննդյան 75-ամյակի առթիվ։

Ձեր հայրապետական գահակալությունը հայ ժողովրդի համար եղել է հոգևոր հենարան ամենածանր տարիներին։ Երբ ազգային կյանքի հունը խախտվել է, երբ մեր ժողովուրդը կանգնել է կորուստների ու տարակուսանքի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մնացել է այն անշարժ կենտրոնը, որի շուրջ հայությունը վերագտել է իր հավատը և իր միասնությունը։ Դա Ձեր հովվապետական վաստակի ամենաակնհայտ վկայությունն է։

Առանձնակի երախտագիտությամբ ենք հիշում Ձեր հետևողական և սկզբունքային ձայնը Արցախի հայության իրավունքների պաշտպանության հարցում։ Բռնի տեղահանությունից հետո Դուք հայ և միջազգային եկեղեցական ու պետական ամենաբարձր ամբիոններից անդադար բարձրաձայնել եք արցախահայության` իր հարազատ բնօրրան անվերապահ վերադարձի իրավունքի, Բաքվում գերության մեջ պահվող մեր հայրենակիցների անհապաղ ազատ արձակման, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության՝ Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի և մեր բազում սրբավայրերի պահպանության մասին։ Դուք չեք թողել, որ մեր ժողովրդի ցավը մնա անլուր և չեք համաձայնվել, որ պատմական անարդարությունը ներկայացվի որպես անվերադարձ իրողություն։

Տեղահանված արցախահայությունը զգում է Ձեր աղոթքն ու հայրական հոգածությունը, և այդ զգացումը մեր հույսի ամրության աղբյուրներից է։

Ձերդ Սրբություն

Ամենակարող Աստծուց հայցում ենք Ձեզ ամուր առողջություն, երկար կենսուրախ տարիներ և վերին զորություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի ի փառս Ձեր բեղմնավոր ծառայությունը շարունակելու համար։ Թող Տիրոջ շնորհը պահապան լինի Ձեզ և Մայր Հայրենիքին»։