կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-21 18:04
Քաղաքական

Վստահ եմ, որ մեզ ոչինչ չի պակասում, որպեսզի կառուցենք բարվոք պետություն. վարչապետ

Վստահ եմ, որ մեզ ոչինչ չի պակասում, որպեսզի կառուցենք բարվոք պետություն. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին: 
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-ի) կողմից ստեղծվող մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի գործունեությանը վերաբերող հարցեր, որի կառավարչի ընտրության համար հայտարարված նախնական մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Ամբեր Կապիտալ» ընկերությունը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ֆոնդի կողմից ֆինանսավորվելիք առաջնային ներդրումային ծրագրերի ուղղություններին և դրանց ժամանակացույցին:

ՎԶԵԲ փոխնախագահ Բետսի Նելսոնը նշել է, որ ֆոնդի աշխատանքների համար պետք են ծրագրեր՝ միտված հանրային կառավարման զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի խթանմանը, ՓՄՁ ներկայացուցիչների համար ուսումնական ծրագրերի կազմակերպմանը՝ կորպորատիվ կառավարման թափանցիկության բարձրացման, ինչպես նաև ֆինանսների և բրենդների կառավարման ու այլ ուղղություններով: «Ծրագրերի իրականացմամբ մեր նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի փոքր և միջին բիզնեսում, ցույց տալ, որ Հայաստանում հնարավոր է կյանքի կոչել արդյունավետ ներդրումային ծրագրեր»,- ասել է Բետսի Նելսոնը: 

Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար, կարևորել ֆոնդի գործունեությունը շուտափույթ ծավալելու անհրաժեշտությունը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը վճռական է իրականացնելու բարեփոխումներ բոլոր ոլորտներում: «Վստահ եմ, որ մեզ ոչինչ չի պակասում, որպեսզի կառուցենք բարվոք պետություն: Կարևորում ենք նման ֆոնդի ստեղծումը, որը բացի տնտեսական արդյունք ապահովելուց՝ կնպաստի մեր երկրում կորպորատիվ կառավարման նոր մշակույթի ներդրմանը, ՓՄՁ-ների գործունեության բարելավմանը»,- ասել է վարչապետը և կարևորել ՓՄՁ-ների համար արդյունավետությունը և արտադրողականությունը բարձրացնող կրթական ծրագրերի կազմակերպումը: Կարեն Կարապետյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավման, նոր մշակույթի, նորագույն տեխնոլոգիաների կիրառման համար էական է լինելու ֆոնդի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջև համագործակցությունը: