կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-30 14:30
Մշակույթ

Կոնստանտին Օրբելյանը, ″Հորտուս Մուզիկուսը″, Կլաուդիո Աբադոն` ՀՀ-ում

Կոնստանտին Օրբելյանը, ″Հորտուս Մուզիկուսը″, Կլաուդիո Աբադոն` ՀՀ-ում

«Երեւանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը հունիսի 12-14-ը կներկայացնի երեք համերգների շարք՝ էստոնական «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» կազմակերպության հետ համատեղ։

 

Փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ 2013-ին «Երեւանյան հեռանկարները» բացեց իր 14-րդ համերգաշրջանը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որի մասին խոսում են մինչեւ հիմա: Հովհաննիսյանը խոստանում է` նույնպիսի փառահեղ համերգով էլ կավարտվի այս տարվա համերգաշրջանը:

 

«Հունիսի 12-ին շատ սպասված խումբ է այցելելու Հայաստան` աշխարհի լավագույն միջնադարյան երաժշտության խմբերից մեկը՝ «Հորտուս Մուզիկուսը»: Խումբը 2007-ին մեր փառատոնի շրջանակներում արդեն իսկ ելույթ է ունեցել Հայաստանում. միակ խումբն է, որը 40 տարվա մեջ երբեւէ չի դադարել իր գործունեությունը հնագույն երաժշտության ուսումնասիրման ոլորտում: «Հորտուս Մուզիկուսը» պարզապես կատարողական խումբ չէ, այլ ինստիտուտ, որտեղ իրենք ուսումնասիրում են, մարդկանց ուշադրությանը ներկայացնում հնագույն երաժշտության գաղտնիքները»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ երաժիշտներն իրենց հետ 10 այնպիսի գործիք են բերելու Հայաստան, որ անգամ դժվարանում են դրանց անվանումները թարգմանել, քանի որ դրանք զուտ միջնադարյան պալատական գործիքներ են:

 

Ըստ Հովհաննիսյանի` յուրահատուկ են նաեւ երաժիշտների հագուստները, որոնք այդ դարաշրջանի եւ երաժշտության մասին կարծես հավելյալ ինֆորմացիա են տրամադրում հանդիսատեսին: Համերգին մասնակցելու է նաեւ հանրահայտ էստոնացի երգիչ Տենիս Մյագին, ով հոգեւոր երաժշտություն կներկայացնի, իսկ համերգը կղեկավարի հանրահայտ երաժիշտ Անդրես Մուստոնեն, ով կներկայանա նաեւ որպես ջութակահար:

 

Հովհաննիսյանի հավաստմամբ` Մուստոնեին անվանում են երաժիշտ` առանց ժամանակի եւ տարածության. «Շատ խայտաբղետ համերգ է ստացվելու, քանի որ սովորական ստանդարտներից ավելի ծավալուն ծրագիր է լինելու. համերգին մասնակցելու է նաեւ ծագումով ռուս ամերիկացի թավջութակահար Բորիսլավ Ստրուլեւը, ուկրաինացի դաշնակահար Ալեքսեյ Բոտվինովը, էստոնացի երգիչ Տենիս Մյագին, Հայաստանի կամերային նվագախումբը»:

 

Համերգի տոմսերն արժեն 2000-20 000 դրամ:

 

Հունիսի 13-ին, ինչպես տեղեկացրեց Հովհաննիսյանը, Էստոնիայի`  տղամարդկանց 50 հոգանոց ազգային երգչախումբը համերգով հանդես կգա Վանաձորում։ Երգչախումբը աշխարհի լավագույն երգչախմբերից մեկն է համարվում, որը 2004-ին արժանացավ «Գրեմմիի»: Հունիսի 14-ին երգչախումբը հայ հանդիսատեսի համար համերգով կներկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

 

Ըստ Հովհաննիսյանի` թե՛ «Հորտուս Մուզիկուսի» եւ թե՛ Էստոնիայի տղամարդկանց երգչախմբի ծրագրում կան հայկական կատարումներ, որոնք նրանց ծրագրի մի մասն են կազմում, այլ ոչ թե հատուկ Հայաստան այցի համար են նախատեսված:

 

«Մի ուրախալի փաստ կարող եմ նշել` շատ անգամ, մարդիկ, կարդալով փառատոնի անունը եւ չճանաչելով արտիստին, գալիս են համերգներին, ինչը փաստում է փառատոնի հանդեպ ձեւավորված վստահության մասին»,- ասում է նա:

 

2013-ին համերգաշրջանի շրջանակներում Երեւան կայցելեն Դմիտրի Խվորոստովսկին եւ Կոնստանտին Օրբելյանը, «Շանհայ» լարային քառյակը, որը աշխարհի լավագույն քառյակներից արդեն 8-րդն է, որ այցելում է Հայաստան: Այս տարի հայաստանյան համերգով հանդես կգա Յուրի Բաշմետը եւ «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախումբը։ Փառատոնային տարին, Հովհաննիսյանի տեղեկացմամբ, կեզրափակվի լեգենդար դիրիժոր Կլաուդիո Աբադոյի եւ «Մոցարտ» նվագախմբի այցով Երեւան. համերգը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին եւ կնվիրվի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ