Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը այսօրվանից կրկին զբաղեցնում է թատրոնի տնօրենի պաշտոնը. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է նա:
«Երեկ ես վերականգնվել եմ Ալ. Սպենդիարյանի ավան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնում: Ինչպես հայտնի է, ես շահել եմ դատը, որից հետո նախարարությունը դիմել է Վերաքննիչ, որը մերժվել է: Այսօրվանից սկսած ես պաշտոնապես անցնում եմ աշխատանքի: Պետք է աշխատենք հետագա նախագծերի շուրջ, իմ պայմանագիրը մինչեւ օգոստոսի 3-ն է: Ժամանակն այնքան էլ շատ չէ, այնպես որ պետք է շարունակենք բեմադրել օպերաներ, աշխատել պրեմիերաների շուրջ, հուսով եմ` բոլոր ծրագրերը կկարողանանք կյանքի կոչել»,- բացատրել է նա ու հավելել. «Ցավոք, այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ունեինք նախորդ տարվա ապրիլից, ստիպված եղանք չեղարկել, հյուրախաղերն էլ հետաձգվեցին հայտնի պատճառներով: Երբ ես պայմանագիր էի կնքել Դուբայում մեր հյուրախաղերի համար, նախորդ կառավարությունը իր վրա վերցրեց ուղևորության ճանապարհածախսը, իսկ ներկայիս կառավարությունը պատասխանեց, որ իրենք ոչ մի կոպեկ չեն վճարի ճանապարհորդության համար, և երբ ես հարցրի` ի՞նչ անեմ, հետաձգե՞մ ուղևորությունը, ինձ պատասխանեցին, որ իրենց համար միևնույնն է»:
Ինչ վերաբերում է այս առնչությամբ նախարարության մոտեցմանը՝ Օրբելյանը շեշտել է, որ այդ մասին կիմանա վաղը կայանալիք հանդիպման ժամանակ, իսկ թատրոնի անձնակազմին արդեն հասցրել է հայտնել լուրը: «Դե, ինչպես բոլոր կոլեկտիվներում, ոմանք ուրախությամբ ընդունեցին լուրը, ոմանք` ոչ այնքան: Դա բնական է...»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի 2019 թվականի մարտի 28-ի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել էր «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։
Որոշ ժամանակ անց Օրբելյանը դատարանում վիճարկել էր այս որոշումը։