Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյանը հաստատեց, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը ազգային օպերային թատրոնի տնօրեն Կոնստանտին Օրբելյանին ազատել է աշխատանքից:
Մեր հարցին, թե որո՞նք են Օրբելյանին աշխատանքից ազատելու իրավական հիմքերը, նա մանրամասնեց, որ Կոնստանտին Օրբելյանի աշխատանքային լիազորությունները դադարեցվել են, քանի որ «ՊՈԱԿ-ների մասին» օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասը գործատուին, տվյալ դեպքում՝ նախարարին թույլ է տալիս ինչպես նշանակել, այդպես էլ ազատել, կամ` լիազորությունները դադարեցնել, եթե օրենքի խախտմամբ է տնօրենը նշանակվել:
«Այս դեպքում մենք պարոն Օրբելյանին մի քանի անգամ և’ գրավոր, և’ բանավոր տեղեկացրել ենք, որ կա օրենքի խախտում. նա, միաժամանակ տնօրեն լինելով, զբաղեցնում է այլ պաշտոն, այն է` գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, և կատարում է վճարովի աշխատանք: Մեր օրենսդրությունը հստակ սահմանում է, որ, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, տնօրեններն այլ պաշտոն կամ վճարովի աշխատանք կատարելու իրավունք չունեն: Պարոն Օրբելյանը գրավոր կերպով մեզ բացասական պատասխան է տվել, ըստ որի`չի հրաժարվում կատարել նախարարի հանձնարարականը և չի պատրաստվում հրաժարվել ո'չ տնօրենի, 'չ գեղարվեստական ղեկավարի պաշտոններից: Այդ պատճառով լիազոր մարմնի ղեկավարը` նախարար Նազենի Ղարիբյանը, դադարեցրել է նրա` որպես տնօրենի լիազորությունները»,- հայտնեց Անուշ Ղազարյանը:
Ինչ վերաբերում է նրան, թե Օրբելյանը կարո՞ղ է շարունակել իր պաշտոնավարումը` որպես գեղարվեստական ղեկավար, ապա վարչության պետը հավաստիացրեց. «Այո’, կարող է: Նա այս պահին էլ շարունակում է աշխատել և’ որպես գեղարվեստական ղեկավար, և’ որպես գլխավոր դիրիժոր»: