կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-15 15:58
Առանց Կատեգորիա

Կառավարության կարկուտը

Կառավարության կարկուտը

Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչները Արմավիր-Երեւան մայրուղին հերթական անգամ փակելու փորձի ժամանակ բախվել են ոստիկանության հետ: Բանավեճը քաշքշուկի է վերածվել, ապա` ծեծկռտուքի: Գյուղացիները կառավարությունից պահանջում են փոխհատուցել մայիսի 12-ի կարկուտի հետեւանքներով իրենց պատճառված վնասը` գոնե մի մասը: Իսկ կարկուտն ավելի քան երեք տասնյակ գյուղերի բերքն ամբողջությամբ վնասել է:

 

Հուսահատ գյուղացին ոտքի է ելել` տարվա ապրուստը փոշիացավ, եւ որեւէ ոստիկան չի կարող հետ կանգնեցնել մարդուն, երբ աչքի առաջ սոված ընտանիքն է: Հենց կարկուտի օրը տեղի ունեցած բողոքի առաջին ակցիայի ժամանակ գյուղացիներին այցելած գյուղատնտեսության նախարարն ու Արմավիրի մարզպետը խոստացան մի երկու օր հաշվարկելուց հետո հայտնել  վնասի չափն ու ներկայացնել կառավարությանը: Խոստում եղավ մարդկանց վնասը որոշ չափով փոխհատուցելու մասին, սակայն հողի մշակը չի հանդարտվում: Դա էլ ունի իր պատճառները: Բանն այն է, որ բնական աղետները մշտապես վնասում են գյուղացու բերքը, ամեն տարի երաշտը, կարկուտը, հեղեղները, հիվանդությունները, կրծողները, անբարեխիղճ մթերողները եւ այլ` մեզ հայտնի ու անհայտ վնասատուները, իրենց հերթին, բերքից կտցում են կամ տանում ամբողջությամբ, սակայն կառավարությունն այդպես էլ չի հատուցում գյուղացու վնասը: Հիշենք` կոնկրետ մեկ տարի առաջ հիշյալ Մրգաշատին հարեւան Մայիսյան գյուղում հեղեղն ու կարկուտն ամբողջությամբ հողին հավասարեցրին ձմերուկի, լոլիկի, վարունգի եւ մյուս մշակաբույսերը, որեւէ փոխատուցում չեղավ:

 

Հիմա գյուղացին արդյո՞ք պետք է հավատա նույն խոստումներին: Դժվար թե: Մարդիկ  գյուղացու կողքին կանգնելու վերաբերյալ մշտապես հայտարարող կառավարությունից պահանջում են ռեալ օգնություն: Գյուղնախարարությունից վստահեցնում են, որ ստեղծվել են մարզային եւ համայնքային համապատասխան հանձնաժողովներ, սակայն մարդիկ անհամբեր ենք, նաեւ` անհավատ, հույս չկա: Վստահ են, որ իրենց «կուտ» են տալիս, դառը փորձ ունեն:

 

Գյուղացիները դժգոհում են, որ կառավարությունն ակտիվանում է միայն ընտրությունների ժամանակ, իսկ հիմա ընտրություն չկա, ավարտվել է: 80 տոկոս ձայն է «խփել» Մրգաշատում Սերժ Սարգսյանը, եւ հիմա պահանջում են նախագահին: Եթե 80 տոկոսով ձայն տային Վարդան Սեդրակյանին, միեւնույն է, կառավարությունը պարտավոր էր տեր կանգնել նրանց: Բայց մենք մոռանում ենք, որ գործ ունենք Տիգրան Սարգսյանի կառավարության հետ, որն, ամբողջությամբ տապալելով կառավարության ծրագիրը, կարող է տապալել նաեւ գյուղացու ապրուստը:

 

Ստիպված ենք փաստել, որ գյուղացու համար այլեւս պրոբլեմ է թե' հողը, թե' կառավարությունը: Այս ամենի արդյունքում հողի մշակն այլեւս հողի հետ հույս չի կապում, եւ խնդիրները կուտակվելով` գյուղացուն ստիպում են հողի հետ աշխատելու փոխարեն վաճառել գույքն ու կապել ճամպրուկները…

 

Տեղին է հիշել 2011թ. մարտի 13-ի խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը գյուղի ու գյուղատնտեսության մասին. «Մենք պետք է շատ կոնկրետ եւ հասցեական աշխատանք կատարենք: Մեզնից յուրաքանչյուրը պարբերաբար պետք է այցելի գյուղ` եւ վարչապետը, եւ փոխվարչապետը, բոլոր նախարարները: Ինքս եմ պարբերաբար գնալու գյուղ, զբաղվելու գյուղատնտեսական խնդիրներով եւ ինքս եմ որոշ ծրագրեր հսկողության տակ պահելու: Գյուղացին պետք է տեսնի, որ ինքը մենակ չէ: Ինձ համար, ընդհանրապես, շատ տարօրինակ է, որ գյուղացին հող ունի, բայց աղքատ է: Որո՞նք են այն պատճառները, որ ստիպում են մարդուն հող չմշակել…»: Ելույթը երկար է, պատասխանները տվեց կարկուտը:

 

Ահարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ