կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-29 16:04
Հասարակություն

Հրանոթն էլ չէր կարող կանխել կարկուտը. փոխնախարար

Հրանոթն էլ չէր կարող կանխել կարկուտը. փոխնախարար

ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվել են «ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները:

 

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, դիմելով ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանին, նախ նշեց, որ մինչեւ չարաբաստիկ կարկուտը ԱԻՆ-ի վարկանիշը բավականին բարձր էր, հետո հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է աշխատանքի վարձատրությունն ամենացածրը:

 

ԱԻ փոխնախարարը ենթադրեց, որ այսօրվա հնարավորություններն են այդքան, դրա համար էլ աշխատավարձերը ցածր են, հետո էլ վստահեցրեց, որ, չնայած դրան, ցածր աշխատավարձը չի ենթադրում վատ մատուցած ծառայություն, եւ որ ամեն ինչ շատ խիստ է դրված` մատուցած ծառայությունները պետք է լավը լինեն:

 

«Ժառանգության» պատգամավորը հետաքրքրվեց նաեւ, թե արդյո՞ք մոնիտորինգ իրականացնում են` թեկուզ հենց հակակարկտային համակարգերի հետ կապված: Փոխնախարարը նախ նշեց, որ մոնիտորինգ իրականացնում են, հետո նշեց, որ հողատարածքները ցանցերով ծածկելու արդյունավետության մասին իրենք գիտեին անցած տարի էլ, նախանցած տարի էլ, պարզապես այդ ցանցերի գինը շատ բարձր է` ո'չ գյուղացին կարող է ձեռք բերել, ո'չ էլ պետությունը: Փոխնախարարը նշեց նաեւ, որ մայիսի 12-ին տեղացած կարկուտի նման ուժգին կարկուտ 50-60 տարին մեկ է լինում. ո'չ հրանոթը կարող էր կանխել այդ կարկուտը, ոչ' էլ հազար հակակարկտային կայաններ: «Սա աղետ էր, որ չպետք է լիներ»,- նշեց Մխիթարյանը:

 

Նա հիշեցրեց, որ հակակարկտային կայանները լինում են ԱԻՆ-ի կամ համայնքների ենթակայության տակ, ԱԻՆ-ի ենթակայության տակ գտնվող բոլոր հակակարկտային կայանները գործել են: Փոխնախարարը նշեց, որ առաջարկություն կա, որ հակակարկտային կայանները մնան որպես համայնքային սեփականություն, բայց կառավարումն իրականացվի ԱԻՆ-ի կողմից: Մխիթարյանը հայտարարեց, որ գործող երկու ռադիոտեղորոշիչ կայանի հետ եւս երեքն ունենալու անհրաժեշտություն կա, որ ստեղծվեն երկրորդ եւ երրորդ գոտիներ: Կայանների թիվը քիչ է:

 

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ հետաքրքրվեց, թե քանի հակակակարտկային կայանի անհրաժեշտություն կա, եւ դա ինչ կարող է արժենալ, ինչ արժեն ցանցերը, որոնց մասին այդքան խոսվում է: Փոխնախարարը հայտարարեց, որ մեկ հեկտարը ցանցով ծածկելու համար 15-20 հազար եվրո է անհրաժեշտ: Այսօր ունենք մոտ 250 հակակարկտային կայան, անհրաժեշտ է ոչ պակաս քան 1000-ը: Մեկ հակակարկտային կայանն արժե 6 մլն 3 հարյուր հազար դրամ: