Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 5-ի երեկոյան տեղացած խոշոր կարկուտը զգալի վնաս է պատճառել Գեղարքունիքի մարզի Սեւանի եւ Մարտունու տարածաշրջանների որոշ համայնքների:
Սեւանում ձվաչափ կարկուտը կոտրել է ջերմոցների ապակիները եւ ոչնչացրել ողջ բերքը: Ծովինար եւ Վարդենիկ համայնքներում էլ կարկտահարվել են ինչպես կարտոֆիլի ցանքատարածքները, այնպես էլ կաղամբի եւ այլ մշակաբույսերի սածիլները, մրգատու ծառերը:
Այս համայնքներում բազմաթիվ հողագործներ հողը մշակելու համար վարկառու էին դարձել, բայց բնական աղետն ի չիք դարձրեց վարկը մարելու եւ հավելյալ եկամուտ ստանալու՝ գյուղացու ակնկալիքը: Տեղի կլիմայական պայմաններում արդեն մարդիկ չեն էլ կարող վնասված մշակաբույսը փոխարինել նորատունկով:
Գեղարքունիքի մարզը միակը չէ, որ այս տարի խոշոր վնաս է կրել կարկուտից: Նրան նախորդել էին Այունիքը, Արմավիրն ու Արագածոտնը:
Գյուղնախարարությունը, սակայն, մինչ այժմ որեւէ քայլ չի կատարել բերքը կորցրած եւ խոշոր վնաս կրած գյուղացիներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Ավելին` կառավարությունն այսօր չունի որեւէ գործուն մեխանիզմ` աղետների դեմ պայքարի համար: Առկա 120 հակակարկտային կայանները դեռեւս չեն կարողացել որեւէ տարի անվնաս թողնել գյուղացու բերքը, որովհետեւ չկան մասնագետներ:
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը անցած տարի աչքի ընկավ 15,7 տոկոս անկմամբ, որն ամենախոշորն էր ԱՊՀ-ում: 2011թ. հունվարի 26-ին` գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե գյուղոլորտը լինելու է այս տարի գերակա ուղղություն: Ու... կարկուտ եկավ...
Իրավիճակը եւս մեկ անգամ ապացուցում է, որ գյուղատնտեսությունը կործանումից հնարավոր չէ փրկել պարզապես լոզունգներով, նախարարական ավտոբուսներով գյուղեր շրջայց կատարելով կամ «վարչապետական» խորհուրդներով գյուղացիներին` ինչպես կով կթել կամ ածացնել հավերին: