Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից վճիռ կայացվեց «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Սոնա Գրիգորյանի հայցի վերաբերյալ, որով մերժվեց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար Խաչիկ Խաչատրյանի դեմ ներկայացված` ներողություն խնդրելու պահանջը:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային, անձնական հեռախոսային խոսակցության ընթացքում:
«Այս դեպքում քաղաքացին կրկին հանդիպեց մի իրավիճակի, երբ երրորդ անձի բացակայությամբ, ուղղակիորեն իրեն հասցված վիրավորանքի դեպքում, զրկվեց իրավական պաշտպանության միջոցի դիմելու հնարավորությունից: Ոչ հրապարակային վիրավորանքի համար պատասխանատվության բացակայության հարցը բարձրացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դեռևս 2011թ. ՀՀ Սահմանադրական դատարանում: Իսկ ՀՀ Սահմանադրական դատարանն իր հերթին որոշմամբ արձանագրել է, որ այս իրավակարգավորման բացը հաղթահարելու համար ՀՀ Ազգային ժողովն իր իրավազորության շրջանակներում առանձին քննարկման առարկա պետք է դարձնի ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիրը:
Պաշտպան Կարեն Անդրեասյանն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել ոչ հրապարակային ձևով արտահայտված վիրավորանքի դեմ պաշտպանության նախատեսմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությանը, քանի որ ոչ ՀՀ օրենսդրությունը, և ոչ էլ դրան համապատասխան ձևավորված իրավակիրառ պրակտիկան չեն ապահովում ոչ հրապարակային վիրավորանքից` անձի արժանապատվության և անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության իրացման հնարավորությունը: Միևնույն ժամանակ, Պաշտպանը պատրաստվում է դիմել ՀՀ դատարանների նախագահների խորհուրդ՝ լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում արված արտահայտությունների բնույթի հստակեցման նպատակով խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ տրամադրելու խնդրով»,- ասված է պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ: