Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Արմմոնո» փառատոնի շրջանակներում Կամերային թատրոնում ցուցադրվեց Գոռ Մարգարյանի «Ստրիպտիզ» մոնոներկայացումը: Դերակատարը Ֆրիդա Յորքն էր: Ներկայացումը պատմում էր այն մասին, թե ինչպես է հասարակությունը նախ իր անտարբերությամբ կամ քննադատությամբ ճնշում անհատի կայացումը, իսկ հետո նաեւ` միջանձնային հարաբերությունները: Աղջկա ներքին աշխարհը ոչ մեկին չի հուզում, նրան միայն մերկապարի ժամանակ սիրում են հայացքով: Օրերը կրկնվում են, ամեն ինչ առաջ է շարժվում իր կրկնության մեջ, իսկ աղջիկը շարունակում է իրեն մենակ զգալ…
Մարիա Տոնանան` Լիտվայի մոնոներկայացումների փառատոնի նախագահն ու «Արմմոնո»-ի ժյուրիի անդամը, Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ցավոք, բառերը չէր հասկանում, սակայն, գրեթե ամեն ինչ հասկացել է: «Դերասանի տաղանդի հաշվին ես կարողացա հասկանալ պատմության մեծ մասը, որը շատ հետաքրքիր էր: Ես արդեն ծանոթ էի ռեժիսորի աշխատանքին, եւ ինձ այն շատ է հետաքրքրում: Կանացի ողբերգական պատմություն էր, որը շատ լավ ներկայացվեց»,- ասաց Տոնանան:
Փառատոնի ժյուրիի անդամներից Նինա Մազուրը /Ուկրաինա/ իր հերթին նշեց, որ դերասանուհին շատ «խելացի մարմին» ուներ, ինչի շնորհիվ էլ պատմում էր ասելիքը: Ըստ նրա` դերասանուհին շատ ճկուն էր, լավ էր շարժվում, այնպես, որ աչքդ չէիր ուզում նրանից կտրել. «Սուր սոցիալական թեմայով ներկայացում էր` վերագրված ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ մի շարք եվրոպական երկրների: Մարդկային էր եւ հուզիչ: Հիանալի տպավորություններ ունեմ»:
Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի կարծիքով` ներկայացումը հաջողված էր: «Ինձ ներկայացման գրական միտքը հետաքրքրեց, ռեժիսուրան էլ էր լավը, Ֆրիդան համոզիչ էր խաղում, նա լավ պլաստիկա ուներ: Կլանված նայել եմ ներկայացումը, ինչը շատ քիչ է պատահում»,- ասաց նա: