կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-06 00:12
Մշակույթ

Չեխիայի ապագա փոփ երգչուհին` Դիանա Քալաշյանը, ցնցել է հանդիսատեսին

Չեխիայի ապագա փոփ երգչուհին` Դիանա Քալաշյանը, ցնցել է հանդիսատեսին

Պրահայում անցկացվող «Երաժշտական տաղանդ» մրցույթի նախնական փուլում ժյուրիին եւ հանդիսատեսին իր ձայնով ցնցել է 9-ամյա Դիանա Կալաշովան (Քալաշյան), ով կատարել է Ջենիֆեր Ռուշի «Սիրո ուժը» երգը:

Ժյուրին պարզապես հիացել է փոքրիկի Դիանայի գեղեցկությամբ եւ համեստ զգեստով: Երգի ավարտից հետո ինչպես հանդիսատեսը, այնպես էլ ժյուրիի անդամները հոտնկայս ծափահարել են փոքրիկ երգչուհուն: Ժյուրիի անդամներից չեխ փոփ երգչուհի Լյուսի Բիլան, բարձրանալով բեմ, համբուրել է Դիանային եւ ասել. «Դու փոքրիկ հրաշք ես: Այս օրերին հարյուրավոր մասնակիցներից դու առանձնացար: Իմ բախտն ուղղակի բերել է, որ կարող եմ նման աղջկա կողքին կագնած լինել»:

Այնուհետեւ ժյուրիի անդամները հարցեր են տվել Դիանային: Հարցին, թե ինչպե՞ս է սովորում, Դիանան պատասխանել է` գերազանց: Ինչպես yerkir.am-ին հայտնեցին Պրահայից, ժյուրիի անդամներից մեկը հետաքրքրվել է, թե փոքրիկն ո՞ւմ հետ է եկել ու միանգամից բեմ է հրավիրել Դիանայի ծնողներին:

- Դիանա', դուք որտեղից եք,- հարցրել է ժյուրին:

- Հայաստանից,- հպարտորեն պատասխանել է աղջիկը:

- Հայաստանից: Համաշխարհային փոփ երգչուհի Շերն էլ է հայ: Իսկ դու, Դիանա, տաղանդ ես,- ասել է ժյուրին:

Պրահայից հայտնեցին նաեւ, որ մասնագետները պնդում են, որ Դիանան ունի հսկայական տաղանդ: 9-ամյա աղջիկը երաժշտական դպրոցի սան է, հաճախում է դաշնամուրի դասերի, իսկ երգել նա սկսել է մեկ տարեկանից: Բացի երաժշտությունից, նա տիրապետում է չորս լեզվի: Փոքրիկի երազանքն է դառնալ հանրահայտ երգչուհի: Դիանան մասնակցել է միջազգային բազմաթիվ մրցույթների, այդ թվում` «Չեխիայի բանաստեղծ» մրցույթին, որտեղ արժանացել հանդիսատեսի մրցանակի եւ ժյուրիի հատուկ մրցանակի: Նա չեխական «5 հրեշտակներ» հայտնի մանկական խմբի մենակատարն է:

Գալուստ ՆԱՆՅԱՆ

http://www.csmatalent.sk/novinky-divadla/clanok/sila-lasky-z-armenska.html