Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարկավոր է մեր տնտեսական քաղաքականությունը եւ արդյունքները գնահատել` հասկանալու համար, թե ճգնաժամից հետո ինչ ենք նպատակադրել եւ ինչ արդյունքներ ենք ունեցել. այսօր, խոսելով Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշների մասին, լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:
Ըստ նրա` 2012 թվականին ունեցել ենք 7.2 տոկոս տնտեսական աճ: Արամյանն ասաց, որ կառավարության ամենակարեւոր թիրախն է եղել արդյունավետ տնտեսական համակարգը: Դա նշանակում է, պարզաբանեց նա, որ մեր տնտեսական աճի շարժիչ ուժը լինի տնտեսության արտահանելի հատվածը` արդյունաբերությունը, ծառայությունների այն ոլորտները, որոնք սպասարկում են արդյունաբերությունը:
Այսինքն, ըստ ֆինանսների փոխնախարարի, կառավարությունն իրականացրել է արտահանմանն ուղղված տնտեսական քաղաքականություն: Այնուհետեւ, օրինակ բերելով հենց Հայստանի տնտեսական կառուցվածքը, ֆինանսների փոխնախարարը հակադարձեց իրենց ընդդիմախոսներին` Հրանտ Բագրատյանին եւ Վարդան Օսկանյանին:
Վարդան Արամյանը նաեւ նշեց, որ 2012 թվականի 7.2 տոկոս տնտեսական աճին նպաստել են մեր տնտեսության այն ճյուղերը, որոնք եղել են կառավարության ուշադրության կենտրոնում` արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը:
«Այն քննադատությունները, որ որեւէ դրական տեղաշարժ տնտեսական կառուցվածքում չի լինում, մենք չենք ընդունում»,- ասաց Վարդան Արամյանը:
Լրագրողները հարց ուղղեցին ֆինանսների փոխնախարարին, թե ինչո՞ւ Հայաստանի բնակիչները չեն զգում տնտեսական աճի արդյունքները, որին Վարդան Արամյանը պատասխանեց, որ հասարակ քաղաքացին իր մաշկի վրա դա կարող է զգալ, երբ մենք ունենանք աշխատավարձի աճ, գործազրկության նվազում:
Փոխնախարարը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ եթե մի տեղ աշխատավարձի աճ չկա, ապա մեկ այլ ոլորտում այդ աճը կա, հակառակ պարագայում չէր կարող վիճակագրական ծառայությունը չֆիքսել, որ 2012 թվականին մենք ունենք աշխատավարձերի 5.1 տոկոս աճ:
Իսկ ինչ վերաբերում է գործազրկության մակարդակին, ապա այն, նշեց Վարդան Արամյանը, 18 տոկոսից իջել է 17.3 տոկոսի: Այսինքն` ավելի շատ գործազուրկներ են աշխատանքի տեղավորվել: Իսկ աղքատության մակարդակի մասին Վարդան Արամյանը ասաց, որ այն նույնպես որոշակիորեն նվազել է, բայց դրա մասին վերջնական տվյալները կլինեն ավելի ուշ:
«Եթե նայում ենք, որ գործազրկության մակարդակը նվազել է` 18-ից դարձել է 17.3 տոկոս, աշխատավարձերի աճ ունենք` 5.1 տոկոս, եւ այս ցուցանիշները ճշգրտում ենք 2.6 տոկոս գնաճի հետ, ստացվում է, որ մենք ունենք եկամուտների աճ»,- ասաց Վարդան Արամյանը: